Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Մեզ վերահսկիչներ պետք չեն, մեզ պետք են օժանդակողներ


Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը որոշել են հաջորդ տարի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականցնել՝ նպաստելու Հայաստանում ժողովորդավարական և թափանիկ ընտրությունների անցկացմանը:

«Մեզ վերահսկիչներ պետք չեն», - «Ազատության» հետ զրույցում իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց աշխարահռչակ սփյուռքահայ մի շարք գործիչների «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը․ - «Անկախ նրանից, թե Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները կգան-չեն գա՝ ժողովրդավարացման գործընթացները մեր ներքին օրակարգի առաջնային հարց է: Մի բան եմ ուզում նաև մեր սփյուռքի բարեկամներին ասել, ովքեր որ որոշել են գան և, չգիտեմ, վերահսկե՜ն, կամ օժանդակե՜ն, կամ նայե՜ն․․․ Ի՞նչը կանխեն»:

«Ազատություն»․ - Ընտրակեղծիքները:

Շարմազանով․ - Ես կարծում եմ, որ ամենալավ կանխողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, իշխանությունը և քաղաքական ուժերը: Եվ դրա համար մենք գնացինք լայն կոնսենսուսի և էսօր մենք ունենք ամենալավագույն ընտրական օրենսգիրքը: Եթե շատ մեծ կանխելու ցանկություն ունեն, կարող են կանխել նաև այն երկրներում, որտեղի քաղաքացիներ են, որտեղ ապրում են, որովհետև մենք գոնե տեսանք, որ Միացյալ Նահանգների վերջին նախագահական կամպանիան ի հայտ բերեց բազում թերություններ, որոնք կային այդ ժողովրդավարական երկրում: Մեզ վերահսկիչներ պետք չեն: Մեզ պետք են օժանդակողներ, միասնական քայլեր կատարողներ, որպեսզի մենք բոլորս միասին գնանք առաջ:

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, նրանց այդ քայլը կկանխի՞ հնարավոր ընտրակեղծիքները՝ հաշվի առնելով, որ ի վերջո նրանք աշխարհահռչակ մարդիկ են, և ամբողջ աշխարհի նաև ուշադրությունն է սևեռվելու:

Շարմազանով․ - Ի՞նչ ա նշանակում՝ ամբողջ աշխարհի ուշադրությունն է սևեռվելու:

«Ազատություն»․ - Եթե լինեն խախտումներ, ընտրակեղծիքներ, լցոնումներ և այլն, այդ ամենը ամբողջ նաև աշխարհն է իմանալու այդ մարդկանց միջոցով:

Շարմազանով․ - Ես նախ խնդրում եմ նախօրոք հնարավոր դրական մոտեցումներ ունենալ, ոչ թե բացասական: Ես, ի տարբերություն իրենց, ունեմ դրական սպասումներ: Պետք չի նախօրոք արդեն բացասական սպասումներով գալ: Կգան, չեն գա՝ մենք գնալու ենք ժողովրդավարացման խորացման ճանապարհով: Սա իրանց ասում եմ: Մենք օժանդակողների կարիք ունենք, թե չէ վերահսկողների պակաս չունենք»:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր, խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, թե ողջունում են սփյուռքահայ գործիչների որոշումը, բայց՝ պայմանով, որ նրանք չպետք է փորձեն միջամտել ընտրական գործընթացին․ - «Ես չեմ մտածում, որ պետք է լինեն ընտրակեղծիքներ: Այդ իսկ պատճառով մենք մտածում ենք՝ ինչքան այցելությունները շատ լինի, ոչ միայն Ձեր նշած անձերը, այլ նաև մեր միջազգային կառույցները և շատ-շատ մարդիկ: Մեզ համար դա ավելի օգտակար է, ավելի ձեռնտու է, որ նրանք բոլորը այստեղ ներկա լինեն և ինչքան հնարավոր է շատ ընտրատարածքներում, շատ տեղամասերում ներկա լինեն: Բնականաբար ողջունում ենք այդ քայլը: Բայց իրենք դիտորդի կարգավիճակով, առանց միջամտությունների, առանց որևէ․․․ Ընտրությունների օրը կարող է նմանատիպ մարդիկ, նաև դիտորդները չկարողանան իրենց զսպել և քարոզարշավի ձևով, ինչ-որ ձևով իրենք իսկ խոչընդոտեն այդ ընտրություններին: Մենք պետք է կոչ անենք, որ բոլորը իրենց առաքելությունները կիրառեն իրենց իրավունքների սահմաններում»:

Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, ի տարբերություն իր գործընկերների, կարծում է, որ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի դիտորդական առաքելությունը որոշ չափով կկանխի ընտրակեղծիքների հնարավորությունը՝ այդուհանդերձ ընդծելով՝ եթե կեղծիքներ անելու ցանկություն լինի, թեկուզ աշխարհի բոլոր մարդիկ դիտորդ դառնան, չեն կարողանա կանխել:

ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Համլետ Հարությունյանը, արխիվ:
ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Համլետ Հարությունյանը, արխիվ:

«Նրանց ներկայությունը ընտրատեղամասերում և այլն, և այլն, բավականին սթափեցնող գործոն կլինի: Եվ կարծում եմ, որ դա դրական քայլ է: Բայց ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը բավականին կամք է դրսևորել, որ կատարելագործի Ընտրական օրենսգիրքը, և մենք գնում ենք այն ճանապարհով, որ բացառվի ընտրակեղծիքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը:

«Ազատություն»․ - Առանց ընտրակեղծիքների իշխող Հանրապետականը կկարողանա՞ հաղթել:

Հարությունյան․ - Հանրապետական կուսակցությունը առանց ընտրակեղծիքների էլ, առանց որևիցե լրացուցիչ օգնության էլ, բնական է, որ պետք է ունենա էդ հնարավորությունը:

«Ազատություն»․ - Եթե կարծում եք, որ Հանրապետականը բոլոր շանսերն ունի հաղթելու, ինչո՞ւ այդ դեպքում անգամ վարչապետը, որը վերջերս դարձավ ձեր կուսակցության անդամ, խոստովանեց, որ անդամակցելով Հանրապետականին իր վարկանիշը ընկնելու է:

Հարությունյան․ - Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այդ հարցին կարող է պատասխանել միայն այն մարդը, որը դա ասել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG