ՀԱԿ Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ՏԻՄ մասին նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով այն ներկայացնող՝ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, հայտարարեց՝ «Համայնքային հիմնադրամներն անվերահսկելի են և ծառայում են հիմնականում կոռուպցիոն գործարքների համար»։
«Շատ լավ բան է, բարերարն ուզում է՝ գումար է մուծում, ապրի ինքը: Բայց ես ասում եմ այն մասին, որ երբ մարդը ստիպված է լինում ինչ-որ թուղթ վերցնել քաղաքապետարանից, ինքը ստիպված հիմնադրամին է մուծում։ Այստեղ է, որ առաջանում է իմ ասած կոռուպցիան։ Երևանի ցանկացած բնակիչ, ով զբաղվել է այս գործով, գիտի դրա մասին»,- շարունակեց Մանուկյանը։ Փոխնախարարը հակադարձեց՝ «Համամիտ չեմ, որ «Երևան» հիմնադրամն այդպիսին է: Կարող եմ շատ շատ դեպքեր բերել, որ մարդիկ բացարձակապես այդ հիմնադրամի հետ չեն թղթակցում, դուք լրիվ հակառակը ներկայացրեցիք, թույլ տվեք այդ կարծիքը չկիսել»:
Արամ Մանուկյանին տեղից առարկեց նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Հաղդալյանը, պնդելով՝ այդ հիմնադրամները ծառայում են բարի նպատակների: «Կներեք էլի, բայց ինչի՞ մենք պետք է մեզ իրավունք վերապահենք, Երևանի բազմաթիվ քաղաքացիների, ովքեր իրականում բարերար են, ովքեր իրականում ուզում են իրենց միջոցներով մի բան անել քաղաքում, այդպես ուլտիմատիվ կերպով հայտարարել, որ դա ստիպողաբար է։ Որտեղի՞ց է ձեզ մոտ այդ ինֆորմացիան»:
ՏԻՄ մասին նոր օրինագծով առաջարկվում է մեծացնել համայնքի և ավագանու դերակատարությունը: 10 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ուղիղ հեռարձակում ապահովել ավագանու նիստերից։ Փոխնախարար Վաչե Տերտերյանը, որպես նորամուծություն, նշեց նաև ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու դրույթը՝ 6 ամսվա ընթացքում նիստ չհրավիրելու դեպքում։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը շտապեց ճշտել՝ արդյո՞ք այս դրույթը կտարածվի նաև Վանաձորի վրա, որտեղ հանրապետականներն ունեն քաղաքապետ, սակայն, ավագանու կազմում մեծամասնություն չեն։
«Կոնֆիլկտ այնտեղ չկա, բոլորը բոլորին շատ հարգում, սիրում են: Ուղղակի կա նիստերը բոյկոտելու գործընթաց։ Երեք խմբակցություններ չեն ներկայանում և քվորում չի ապահովվում։ Մի անգամ է փորձվել նիստ հրավիրել, չի ստացվել, որից հետո անգամ փորձ չի արվում գումարել»,- ասաց Մարուքյանը։
Փոխնախարարը պատասխանեց՝ «Այս դեպքում դա չի, որ չեն հրավիրվում և այս օրենքը դրա մասին չէ։ Ձեր նշած դեպքն այլ է: Քաղաքապետը կարող է նիստերը հրավիրել, բայց դրանք չկայանան, ասենք օրինակ՝ բացակայության պատճառով։ Հիմա ինչ-որ լուծումներ, այնուամենայնիվ, կգտնվեն: Ինչու՞ եք դուք բացառում, որ մեկ այլ անգամ նիստը հրավիրելուց այն չի կայանա»:
կառավարության ներկայացրած այս նախագիծն այսօր, քննադատեցին անգամ իշխող Հանրապետականի ներկայացուցիչները։ Խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն, օրինակ, պնդեց, որ օրինագծում բացակայում են մի շարք կարևորագույն սկզբունքներ, ինչն ըստ նրա, անընդունելի է:
«Ես չեմ տեսնում իշխանության փոխլրացման սկզբունքը, որը ցույց է տալիս տեղական ինքնակառավարման տեղն ու դերը ամբողջ պետական համակարգում։ Ես էստեղ չեմ տեսնում տեղական իշխանության մարմինների դատական պաշտպանվածության սկզբունքը»,- մասնավորապես, նշեց Հարությունյանը: