Մատչելիության հղումներ

«Ի պատիվ ապրող բանաստեղծի»․ գրչակիցները հիշում են Հրաչյա Թամրազյանին


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ բանաստեղծ, գիտնական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, մի քանի տասնյակ բանաստեղծական և գիտական ժողովածուների հեղինակ Հրաչյա Թամրազյանի պոեզիայի երեկոն:

«Հրաչյա Թամրազյանը մեր հանրության, մեր գրական-մշակութային կյանքի բացառիկ անհատականություններից մեկն էր: Ընտիր բանաստեղծ, հրաշալի գիտնական և բացառիկ մարդ-անձնավորություն», - ասում է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը:

Միջոցառման մասնակիցները խորը ցավով ու ափսոսանքով էին խոսում ոչ միայն որպես բացառիկ մարդու ու գիտնականի՝ վերհիշելով նրա կատարած հսկայական աշխատանքը թե՛ Մատենադարանում, թե՛ հրատարակչությունում, այլև նկատի ունենալով նրա առաջիկա անելիքները, որոնք շատ-շատ էին:

«Այն կարճ ժամանակում, որ նա ղեկավարեց Մատենադարանը, արմատական փոփոխություններ տեղի ունեցան և հիմա մեր այդ կարևոր ազգային կառույցը միանգամայն ուրիշ դեմք ունի», - ասում է Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը․ - «Ընդլայնվեց թանգարանային համալիրը, ընդլայնվեցին գիտական բաժինները, նոր բաժիններ ստեղծվեցին: Թամրազյանի ամենամեծ ներդրումներից մեկն այն էր, որ նրա տնօրինության տարիներին ձեռագրերի աննախադեպ ներհոսք գրանցվեց Մատենադարանում՝ շուրջ 1,600 ձեռագիր ընդամենը 7 տարում: Դա մեծ ջանքերի, մեծ աշխատանքի շնորհիվ է եղել»:

Գրականագետ Սերժ Սրապիոնյանի ձևակերպմամբ․ - «Թամրազյանական այն մտածողությունը, իբրև բանաստեղծի, որին դու ծանոթանում ես նրա մեկուկես տասնյակից ավելի բանաստեղծական գրքերի հետ հարաբերվելիս, քեզ տեղափոխում է միանգամայն այլ աշխարհ»:

Հրաչյա Թամրազյանի բանաստեղծ գրչընկերների՝ Հակոբ Մովսեսի և Հենրիկ Էդոյանի բնորոշմամբ էլ՝ «Թամրազյանը գրի, տառի, բանաստեղծության մարդ էր», չնայած իր զանազան գործունեությանը՝ գիտական, հրատակչական, հասարակական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG