Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Որևէ երկրում այսօր պոպուլյար չէ լինել իշխանություն


Էդուարդ Շարմազանովը «Ազատության» ստուդիայում:
Էդուարդ Շարմազանովը «Ազատության» ստուդիայում:

«Հանրապետական լինելը պատիվ ա, հպարտություն ա, ու յուրաքանչյուր հանրապետական պետք ա դա գիտակցի», - իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր այսպես արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանի երեկ արած այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ին անդամակցելուց հետո հնարավոր է, որ իր վարկանիշն անկում ապրի։

«Ազատության» հետ հարցազրույցում Շարմազանովը նաև հավելեց, թե Հանրապետական կուսակցությունը հեղինակազրկված չէ․ - «Որևէ երկրում այսօր պոպուլյար չէ լինել իշխանություն: Ինչո՞ւ: Որովհետև իշխանություն լինելը ինքը պատասխանատվություն է: Որովհետև ընդդիմադիր պատգամավորները ավելի շահեկան դիրքում են՝ պոպուլիզմի առումով, ականջահաճո հայտարարություններ անելու առումով, քան թե ես: Տեսեք, էսօր մեր գործընկերներից մեկը առաջարկում է՝ բյուջեում գրենք հարյուր հազար դրամ աշխատավարձ մինիմում: Եվ երբ որ մենք չենք խոսում, կոնկրետ ես, մեր հարևանները, բարեկամները, մեր ժողովուրդը կասի՝ դե, Շարմազանովը չի ուզում, իսկ էն պատգամավորի ցավը տանեմ, տեսեք, ասում ա հարյուր հազար»:

Հարցին, թե արդյոք կարծում է, որ վարչապետը հենց դա է նկատի ունեցել, Շարմազանովը պատասխանեց․ - «Չէ, ինքը խոսել է պոպուլյարության մասին: Որովհետև պոպուլյարության խնդիր կա: Իշխանություն լինելը պոպուլյար չի»:

Իսկ Հանրապետական կուսակցության անդամ լինելը, նրա խոսքով՝ պատիվ և հպարտություն է․ - «Իմ համար իմ ազգանունից ու հայրանունից, իմ քաղաքացիությունից հետո ամենամեծ պատիվը Հանրապետական լինելն է: Իմ համար ամենամեծ պատիվն է, որ ես Հովսեփ Շարմազանովի որդին են, որ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ու որ ես Անդրանիկ Մարգարյանի աշակերտն եմ, Աշոտ Նավասարդյանի ստեղծած ու Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության անդամ եմ: Սա իմ համար պատիվ է: Մնացածների մասին՝ կապրենք, կտեսնենք: Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով որ անդամակցում ա Հանրապետականին, պետք է գիտակցի, որ, բոլոր թերություններով հանդերձ, Հանրապետական եղել է, կա ու, հուսով եմ, կլինի մեր անկախ պետականության հիմնասյունը: Ի վերջո, մենք տարբերվում ենք շատ ու շատ քաղաքական ուժերից նրանով, որ չենք ստում, և ի վերջո տեսնում ենք նաև մեր բացթողումները»:

Ավելի վաղ արված մեկ այլ հայտարարությունում էլ վարչապետը նշել էր, թե հանրապետականներին փոխվելու անհրաժեշտություն կա։ Շարմազանովի խոսքով՝ Հանրապետականը նախքան Կարեն Կարապետյանի նշանակումն է սկսել փոխվելու և փոխելու գործընթացը:

«Փոփոխությունները նախաձեռնել է Հանրապետական կուսակցությունը և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ այդ բարեփոխումները չեն սկսվել նոր կառավարության ձևավորումով, այլ սկսվել են սահմանադրական բարեփոխումների անցկացումով», - նշեց նա:

Վարչապետի խոսքերը, ըստ իշխող կուսակցության խոսնակի, չեն նշանակում, թե նախկինում հանրապետականները վատ էին աշխատում: Խնդիրը, Շարմազանովի խոսքով, լավից լավագույնը դառնալու մեջ է:

«Ես դեմ եմ աննպատակ փոխվելուն: Ոչ: Հանրապետականը գիտակցված է գնում փոփոխությունների: Մենք մաքսիմալիստ ենք և մենք ձգտելու ենք ունենալ ուժեղ Հայաստան: Նախագահը նախանշեց ազգային գաղափարը․ ուժեղ Հայաստան՝ բոլոր ոլորտներում», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG