Մարդու իրավունքների պաշտպանը առաջիկայում զեկույց կհրապարակի ամռանը զինված խմբի կողմից ոստիկանության գնդի տարածքը գրավելու գործի վերաբերյալ։ Արման Թաթոյանը դեռ մանրամասներ չի հրապարակում։ Այսօր լրագրողներին միայն ասաց, որ զեկույցը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալու նաև մեղադրյալների իրավունքներն, մասնավորապես՝ տեսակցությունների արգելքին։
«Ընտանիքի հետ կապը առանձնապես կարևոր է կալանավորի համար, որովհետև մարդը ազատությունից զրկվում է: Սկզբնական ժամանակաշրջանում հատկապես կարևոր է այդ սոցիալական կապի առկայությունը», - նշեց օմբուդսմենը: - «Նախաքննության հետ սկզբունքորեն տեսակցությունների արգելքը ընտանիքի հետ չպետք է կապվի, հակառակը՝ նախաքննության ընթացքում է ռիսկը մեծ, որովհետև նոր է անձը կալանավորվում», - հավելեց Թաթոյանը։
Այս տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը 15 օր գրաված զինված խմբի անդամները ամիսներ շարունակ զրկված են ընտանիքի անդամների հետ տեսակցություններից, միայն փաստաբանները նրանց հետ հանդիպելու իրավունք ունեն։
«Սա այնպիսի հարց է, որ վարույթն իրականացնող մարմինն է որոշում, բայց այս հարցը լուծելիս պետք է մշտապես ցուցաբերել անհատական մոտեցում և հաշվի առնել, որ ոչ թե մենք զրկում ենք կապը ընկերոջից կամ որևէ երրորդ անձից, այլ հարազատ երեխայից, կնոջից, որը պատկերացրեք որքան դժվար է․ մարդ, ով մշտապես լինելով ընտանեկան միջավայրում, հայտնվում է ազատազրկման վայրում առանց պատշաճ հնարավորությունների: Ընտանիքի հետ կապի առումով հատկապես ռիսկային են ինքնավնասման, ինքնասպանության դեպքերը», - նշեց օմբուդսմենը:
Գլխավոր դատախազությունը երեկ հաղորդեց, որ ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող 12 մեղադրյալի տեսակցության արգելքը ընտանիքի անդամների հետ վերացվել է։ Դատախազությունը չի մանրամասնում, թե ովքեր են նրանք։ «Ազատության» հետ զրույցում օմբուդսմենն ասաց՝ անկախ քրեական գործից, անհատական մոտեցում է հարկավոր ցուցաբերել։ Թաթոյանը նշեց՝ խնդրի լուծման համար օրենսդրական փոփոխություններ են հարկավոր։
«Գտնում եմ, որ օրենսդրական մեր կարգավորումները խնդրահարույց են և դրա հիման վրա նաև օրենքի փոփոխության արդյունքում պրակտիկան էլ պետք է փոխենք», - նշեց օմբուդսմենը:
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստում այսօր Թաթոյանն անդրադարձավ բանտերում տիրող վիճակին, խնդիրների լուծման ուղիներին։ Քրեակատարողական հիմնարկների վիճակի, ինչպես նաև բանտերում խոշտանգումների վերաբերյալ Օմբուդսմենի գնահատականները տեղ կգտնեն տարեկան զեկույցում։ Թաթոյանն առայժմ չի կարող ասել, թե արդյոք արդյունավետ են խոշտանգումների բացահայտմանն ուղղված գործողությունները կալանավայրերում։
«Հիմա մոնիտորինգը ընթացքում է, մենք դրա վերաբերյալ ամփոփիչ գնահատական կտանք», - նշեց նա:
Օմբուդսմենի տեղակալ Արմեն Մաշինյանը մտահոգիչ է որակում ազատազրկման վայրերում մահվան դեպքերը։ Նրա տվյալներով, այս տարի բանտում 7 ինքնասպանության դեպք է արձանագրվել։
«Այստեղ խորապես ուսումնասիրության պետք է ենթարկել ինքնասպանության այդ բոլոր դեպքերը՝ պարզելու համար դրա ծնող պատճառները, որպեսզի հնարավոր լինի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել», - նշեց Մաշինյանը:
Բանտերում հասարակական դիտորդություն իրականացնող խմբի անդամները շարունակում են ահազանգել՝ կալանավայրերում գտնվողները հաճախ ենթարկվում են խտրական վերաբերմունքի՝ հատկապես նրանք, ովքեր հայտարարում են, թե քաղաքական հայացքների համար են հայտնվել ճաղերի հետևում։
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, իր հերթին, շարունակում է պնդել՝ անում են հնարավորը բանտային պայմանները բարելավելու և կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքից ձերբազատվելու համար․ - «Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ ծառայողական քննությունների արդյունքում՝ քրեակատարողական ծառայողների կողմից որոշակի խախտումների դեպքում, Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ վարույթներ են հարուցվել և մարդիկ աշխատանքից ազատվել են և համապատասխան պատասխանատվության միջոցներ են կիրառվել»: