Մատչելիության հղումներ

Պյացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի պրեմիերան՝ Երևանում


Աստոր Պյացոլա
Աստոր Պյացոլա

Այս շաբաթ մի ուշագրավ երաժշտական իրադարձություն տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, որտեղ դեկտեմբերի 8-ին և 9-ին կներկայացվի արգենտինացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Աստոր Պյացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի պրեմիերան:

Այս տարի ողջ աշխարհում նշվում է Աստոր Պյացոլայի ծննդյան 95-ամյակը: Երևանը նույնպես անմասն չի մնում այս գործընթացից: 20-րդ դարի լավագույն կոմպոզիտորներից մեկի հոբելյանն այստեղ էլ արդեն իսկ նշանավորվել է մի քանի հրաշալի համերգներով՝ արտասահմանյան անվանի երաժիշտների մասնակցությամբ, այս շաբաթ էլ հայ երաժշտասերներին է ներկայացվելու նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկի պրեմիերան, որը կազմակերպել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը և բոլորովին վերջերս հիմնադրված նոր երաժշտական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է բեմադրիչ Արմեն Մելիքսեթյանը: Հենց նա էլ բեմադրել է «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերան:

«Ազատության» հետ զրույցում Արմեն Մելիքսեթյանը շեշտում էր, որ սա իրենց հիմնադրած նոր երաժշտական թատրոնի առաջին բեմադրությունն է, և պատահական չէ, որ այս առիթով հատուկ հյուր ունեն՝ բեմադրությանը կմասնակցի նաև անվանի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն: Վաղը տեղի կունենա կազմակերպիչների ասուլիսը, և հանրությունը կտեղեկանա նաև նոր երաժշտական թատրոնի առաջիկա ծրագրերին:

Պյացոլայի «Մարիա դե Բուենոս Այրես» տանգո օպերայի բեմադրությանը մասնակցել են Օպերային թատրոնի երգիչները, բալետային պարախմբի արտիստներն ու Օպերային թատրոնի նվագախումբը:

Պյացոլայի այս ստեղծագործության լիբրետոյի հեղինակն է Հորացիա Ֆերերը, որի շնորհիվ էլ տանգո օպերայի պրեմիերան տեղի է ունեցել Բուենոս Այրեսում 1968 թվականի մայիսին: Եվ ահա մոտ 50 տարի անց այս ստեղծագործության պրեմիերան տեղի է ունենում նաև Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG