Անցած տարի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորման գործով առաջին նիստն այսօր դեռ չսկսված հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից երկուսի շահերը ներկայացնող հանրային պաշտպանները նյութերին ծանոթանալու համար մեկ ամիս ժամանակ խնդրեցին:
Նիստին ներկա չէր նաև մեղադրյալներից Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ում առողջական վիճակը, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, ծանր է․ - «Պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Իրա վերաբերյալ առանց իր ներկայության դատավարություն չի կարող անցկացվել․․․ Եթե պատգարակով կբերեն, ամեն ինչ նորմալ է: Թող բերեն»:
Նիստը սկսվեց լարված մթնոլորտում: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների ղեկավար Արթուր Փիլոսյանն արգելում էր լրագրողներին դահլիճ բարձրանալ ու նիստը լուսաբանել՝ ասելով, թե տեղը չկա: Ապա առաջարկեց ներկա 20 լրատվամիջոցներից միայն 7-ի, ապա 10-ի ներկայացուցիչներին վերև բարձրանալ: Լրագրողները բոյկոտեցին՝ պնդելով՝ կա՛մ բոլորը, կա՛մ ոչ ոք:
Զինված խմբի 20 անդամների գործով առաջին նիստը սկսվեց միայն այն ժամանակ, երբ ի վերջո դահլիճ մտան լրագրողները:
Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել՝ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Հենց դատարանի դահլիճում Արթուր Վարդանյանը պատասխանեց հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը: «Ոչ: Եթե Արցախին, Հայաստանի, հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ․․․ Իսկ իշխանությունը եթե պատկանում է ժողովրդին, այն անհնար է բռնազավթել»:
Ամիսներ առաջ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Կառավարության և Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերությունը:
ԱԱԾ քննաչական վարչության պետի տեղակալը չէր հերքել այն տեղեկությունը, թե զինված խումբը քննարկել է նաև նախագահի ինքնաթիռը խոցելու հարցը, սակայն Սերժ Սարգսյանը, ըստ Համբարձումյանի, թիրախում չի եղել:
Զինված խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող հայր Անտոն Թոթոնջյանն այսօր նույնպես նիստերի դահլիճում էր: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Հայր Անտոնը սակավախոս էր, միայն ասաց․ - «Ամեն ինչ շինծու է: Ժամանակը ցույց կտա: Ես բան մը չեմ ընդունում»:
Մեղադրյալներից Խաչիկ Ավետիսյանի փաստաբան Գիվի Հարությունյանն ասաց, թե ապացուցված չէ, որ իր վստահորդը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք: Հարուցված քրեական գործն էլ համարեց ապօրինի․ - «Որովհետև չկան որևէ հիմքեր, մեզ չեն ներկայացրել: Նման ապացույցներ չկան, որ էն մեղադրանքով, որ մեղադրվում ա, ինքը կատարել ա»:
«Ազատության» հարցին, թե այդ դեպքում իր պաշտպանյալն ինչպես է հայտնվել այս գործի շրջանակներում, փաստաբանն արձագանքեց․ - «Ժողովուրդ, էս երկրում ինչպես հայտնվելը ցանկությունների դաշտում ա․․․ Այսինքն գործի շրջանակներում կարող ես հայտնվել, բայց ոչ այդ մեղադրանքով, որ կա»:
Ստորագրությամբ ազատ արձակված ամբաստանյալ Նելլի Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․ - «Ապօրինություն ա սա»:
Այս գործի շրջանակներում, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են: Մեղադրանքն առաջադրվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու հոդվածներով: