Երեկ Լեռնային Ղարաբաղից Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է, «Ազատությանը» փոխանցեց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:
Զինծառայողներից՝ Կարապետ Միքայելյանը, ժամկետային զինծառայող, 19 տարեկան, ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը, պայմանագրային զինծառայող, 24 տարեկան, որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:
«Ազատության» հետ զրույցում քիչ առաջ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին սահմանին վիճակը լարված չէ: - «Այսօր զոհեր և վիրավորներ չենք ունեցել, նախորդ օրերին երկու վիրավորված զինծառայողների մասին զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանն արդեն նշել է»:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց․ - «Վիճակը կայուն է, արտառոց որևէ բան չկա»: Ինչ վերաբերում է նախորդ օրերին վիրավորների մասին տեղեկություններին, ապա նա խորհուրդ տվեց պարզապես հետևել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրություններին:
Նշենք, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը հրապարակված հաղորդագրություններում վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները չեն պարզաբանում, թե ինչ հանգամանքներում են ծանր վիրավորումներ ստացել երկու զինծառայողները: