«Արմենիա» ավիաընկերության հիմնադիրները հայտարարում են՝ բաց երկնքի քաղաքականությունից օգտվող ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները հայտնվել են շահեկան վիճակում, դաշտում անարդար մրցակցություն է, որի նպատակը տեղական փոխադրողին խաղից դուրս թողնելն է։
2015 թվականին հայկական ավիաշուկա մուտք գործած «Արմենիայի» հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիի խոսքով՝ սա է պատճառը, որ իրենք ժամանակավորապես դադարեցրել են Երևան – Մոսկվա - Երևան չվերթները։ Նույն պատճառով էլ հրաժարվել են մեկ տարի առաջ կազմած ծրագրերից՝ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի և Ռոստով թռիչքներից:
«Մոսկվան մեր ավիաընկերության համար առաջնային ուղղություններից էր։ Այսօրվա դրությամբ մենք դադարեցրել ենք չվերթները։ Մենք մրցակցությունից չենք վախենում, բայց միայն արդար մրցակցությունից։ Հայաստանում անարդար մրցակցություն է, ես ավելին կասեմ՝ հանցավոր մրցակցություն է։ Քանի որ, եթե ինքնարժեքից ցածր վաճառվում է այս կամ այն ծառայությունը, ուրեմն դա արդեն այդպես է», - ասում է Գաիաշվիլին:
«Այսօր Երևան - Մոսկվա- Երևան ուղղությունը ռուսական փոխադրողի համար 10-12.000 դոլարով ավելի մատչելի է, քան հայկական յուրաքանչյուր փոխադրողի համար։ Գները բացարձակ տարբեր են։ Եթե ռուսական փոխադրողի համար 1 տոննա վառելիքն արժե 200 դոլար, ապա մեր համար այն 600 դոլար է։ Օդանավակայանի ծառայություններից նրանք օգտվում են 500 դոլարով, մենք՝ 7000-ով։ Այս անարդար մրցակցության պայմաններում մեզ համար դժվար է», - ասում է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:
Ավիափոխադրողները նշում են՝ իրենք բազմիցս հանդիպել են թե՛ Քաղավիացիայի վարչության, թե՛ նախկին կառավարության հետ և շեշտել, որ հայկական և ռուսական ավիափոխադրողների միջև մրցակցությունը պետք է արդար լինի։
«Ազատությունը» տեղական փոխադրողից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են մրցակցելու դեկտեմբերի 15-ից Շիրակ օդանավակայանից չվերթներ սկսող «Պոբեդայի» հետ, որի տոմսերը 7500 դրամից են սկսվում:
«Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ինքնարժեքից ծանր, մինչև մրցակցին սպանեն։ Դա «Աէրոֆլոտի» դուստր ընկերությունն է, «Աէրոֆոլտը» սկսել է այդ ծրագիրը, որ սպանի իր բոլոր մրցակիցներին, մնա շուկայում մենակ և հետո թելադրի իր պայմանները։ Եթե հիմա իրենք տոմսը, օրինակ, վաճառում են 20 դոլարով, ապա, երբ մնան միայնակ, ես ձեզ վստահեցնում են՝ ամենաքիչը 200, 250, անգամ 500 դոլար կվաճառեն։ Քանի որ պրակտիկորեն չեն ունենա մրցակից», - նշում է Գաիաշվիլին:
«Պոբեդայի» մուտքը մեր օդային տարածք մեծ հարված է տեղական փոխադրողին՝ պնդում է «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահը։ Դմիտրի Ադբաշյանի կարծիքով՝ բաց երկնքի քաղաքականություն որդեգրելը ի սկզբանե սխալ էր:
«Ոչ մի ընկերություն ինքնարժեքից էժան չի կարող թռչել: Եթե դա արվում է, դա կոչվում է անառողջ մրցակցություն: Օրինակ՝ «Աէրոֆլոտը» ուզեցավ դեմպինգային գներով թռնել Թբիլիսի՝ վռնդեցին իրենց», - պատմում է Ադբաշյանը:
Նա բացատրում է՝ «Զվարթնոց» օդանավակայանում պայմաններն ու գները հավասար են բոլորի համար, բայց դրանք նույնը չեն ռուսական տարածքում։ «Արմենիան» այդտեղ է, որ հայտնվում է ոչ շահեկան վիճակում։ Ըստ նրա՝ հարցը կլուծի միայն ավիացիայի մասին նոր օրենքը․ - «Որովհետև գործող օրենքի մեջ չի գրված, որ ինքը պարտավորված է զարգացնել մեր սեփական ավիացիան»:
«Արմենիայի» տնօրինության հայտարարությունը մեկնաբանեցին նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։ Մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ անհավասար ու հանցավոր մրցակցային պայմանների մասին խոսք լինել չի կարող: - «Քաղավիացիայի գլխավոր վարչության լիազորությունների շրջանակներում նման երևույթ չի գրանցվել, և նման հարցեր, եթե ծագեն, դրանք կարգավորվում են ՏՄՊՊՀ-ի կողմից»:
Սաթենիկ Հովհաննիսյանն խոսեց նաև դեմպինգից՝ շեշտելով, որ եթե ապացուցվի, որ որևէ ավիաընկերություն դեմպինգ է անում շուկայում, ապա դրան կտրվի համապատասխան լուծում։
«Արմենիայի» ներկայացուցիչները, մինչդեռ, լուծման ուղին փնտրելու են նոր կառավարությունում, որտեղ առաջիկա օրերին հանդիպում է նախատեսված: