Մատչելիության հղումներ

Միայն անցյալ տարի պարարտանյութի մատակարար ընկերությունը պետությանը 3 մլն դոլարի վնաս է պատճառել


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, արխիվ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, արխիվ:

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), չորս տարի շարունակ պետությունը կրել է միլիոնավոր դոլարների վնաս գյուղացիներին պարարտանյութ մատակարարելու պետական ծրագիրն իրականցնելիս մրցույթ չհայտարարելու պատճառով:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասաց, թե ժամանակ չի ուենցել պարզելու, թե ինչու նախկինում նախարարությունը մրցույթ չի հայտարարել․ - «Ես էնքան բան ունեմ անելու հիմա: Որ հիմա հարցնեմ, թե ինչու է նախկինում էդպես եղել, դրա ժամանակը չունեմ»:

Երեկ ՏՄՊՊՀ-ի՝ երեկ ներկայացրած ուսումնասիրության համաձայն, Գյուղատնտեսության նախարարությունը 2012-2016 թվականներին առանց մրցույթի ազոտական պարարտանյութի մատակարար է ընտրել «Մասիսի բերրիություն» ընկերությունը, որը, օրինակ, միայն 2015-ին ծրագիրն իրականցնելիս պետությունից ստացել է 2 մլրդ 48 մլն դրամի պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 4.5 միլիոն դոլար, ինչի դիմաց մատակարարել է էժան պարտանյութ։

Հանձնաժողովը, սակայն, պնդում է, որ ընկերությունը Վրաստանում շուկայականից զգալիորեն թանկ գնով է ձեռք բերել պարտանյութը, ստացել ավելի մեծ սուբսիդիաներ, ինչի հետևանքով պետությունը միայն անցյալ տարի կրել 1,5 միլիարդ դրամի (ավելի քան 3 միլիոն դոլարի) վնաս։

Գյուղատնտեսության նախարարը չի ուզում գնահատել իր նախորդների աշխատանքը․ - «Ես գնահատողը չեմ, ես վերլուծողը չեմ: 2016 թվականին եղել ա մրցույթ, նախորդ տարիներին եղել ա կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի, հաջորդ տարվա համար հիմա մտածում ենք, թե ինչ ենք անելու»:

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակման, պետությանը 4 տարի շարունակ մոլորեցրած «Մասիսի բերրիություն» ընկերության սեփականտերը նախկին Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ազգականներից է։

Գյուղատնտեսության նախարարը, սակայն, ասաց, որ իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ․ - «Ով որ Ձեզ ասել է, իրա հետ պարզաբանեք էդ հարցը»:

«Մասիսի բերրիություն» ընկերության հետ կապվել չհաջողվեց, քանի որ տարեկան միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող ՍՊԸ-ն ո՛չ ինտերնետային կայք ունի, ո՛չ էլ դրա տվյալները տեղադրված են որևէ տեղեկատվական հարթակում։

Մինչ այդ ՏՄՊՊՀ-ն 4 տարի պետական միջոցների փոշիացումից հետո այժմ առաջարկում է այսուհետ բաց և հրապարակային մրցույթների միջոցով ընտրել մատակարարող ընկերությունը, ինչի արդյունքում պարարտանյութը գյուղացուն կհասնի նվազագույնը 36 տոկոսով ավելի ցածր գնով, և զուգահեռաբար չեն մսխվի պետական միջոցները․ - «Տրամադրությունը միտված է նրան, որպեսզի շուկան բացենք և ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք: Թույլ տանք, ով ուզում ա, բերի: Բայց մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ՝ հասկանանք, թե դա ինչ գնային ազդեցություն կտա շուկայում: Ի վերջո ֆերմերի համար չպետք է թանկանա պարարտանյութը:

Պարարտանյութերի ոլորտում գործող «Կրեպսոն» ընկերության գործադիր տնօրեն Արման Երեմյանը, սակայն, վստահ է, որ ցանկության դեպքում պատկան մարմինները վաղուց նկատած կլինեին պետական սուբսիդավորմամբ գործող այս ոլորտում եղած չարաշահումները․ - «Ծիծաղելի է, քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միշտ իմացել է, որ առանց մրցույթի է կատարվում, միշտ այդ տվյալները եղել են թե՛ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, թե՛ իրավապահ համակարգում, թե՛ կառավարության այն պաշտոնյաների մոտ, որոնք պատասխանատու են»:

Երեմյանի կարծիքով, եթե առաջիկայում քրեական գործ չհարուցվի, կասկածներ կառաջանան, որ ՏՄՊՊՀ-ի բացահայտումը նախընտրական քայլ է՝ հօգուտ նոր կառավարության․ - «Ես համոզված եմ, որ մատակարարման տերերը չեն փոխվել, այլ ինչ-որ ֆիրմա, ընկերություն, որը երևի վերջերս է գրանցվել, ինչ-որ գնային փոփոխությամբ․․․ Սա տակտիկական քայլ է, որը արվում է, և այլ շոուն թույլ են տվել․․․ Եթե սա իրականություն լիներ, 6 միլիարդ արդեն վնաս է տրվել պետբյուջեին: Իրավապահ մարմինները․․․ արդեն պիտի քրեական գործ հարուցած լինեին»:

Ընդ որում, Երեմյանի կարծիքով, պարտանյութերի մենաշնորհային ոլորտին վերաբերող մեկ այլ հարց մնում է անպատասխան․ ինչո՞ւ է ՏՄՊՊՀ-ն խոսում ազոտային պարարտանյութի ոլորտի մենաշնորհի մասին, բայց լռում է կրկին պետական միլիոնավոր դրամների սուբսիդիաներ ստացող ֆոսֆոր-կալիումի մատակարարման մասին, որը ևս, ըստ Երեմյանի, արդեն 3 տարի իրականացվում է նույն ընկերության կողմից և նույնպես առանց բաց մրցույթի։

Երեմյանը վստահեցնում է, որ իր հաշվարկներով, պետական ծրագրի շրջանակում ֆոսֆոր-կալիումը կարելի է հողագործներին հասցնել 3 անգամ ավելի էժան․ - «Պարոն Կարեն Կարապետյանին ներկայացրել եմ․ մենք պատրաստակամ ենք նաև Ձեր կառավարությանը առաջարկել 2017-18 թվականներին ինքնարժեքով, առանց շահույթ հետապնդելու պարարտանյութի մատակարարման ծրագրին մատակարարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG