Մատչելիության հղումներ

Հայաստանի դեմ Եվրադատարանի կայացրած հերթական վճիռը «դատական անկախ համակարգի բացակայության» հետևանքն է


Եվրադատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Եվրադատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Իրավապաշտպանի խոսքով, Հայաստանի դատական համակարգն անկախության 25 տարիների ընթացքում «այդպես էլ չսովորեց մարդուն ընկալել, որպես արժեք»:

Եվրոպական դատարանն օրերս այս տարվա արդեն 13-րդ վճիռն է կայացրել Հայաստանի դեմ։ «Մանուչարյանն ընդդեմ՝ Հայաստանի» գործով պետությունը պարտավոր է 2400 եվրո վճարել ներկայումս սպանության մեղադրանքով ազատազրկված դատապարտյալին ու վերաբացել գործը։ Ըստ Եվրոպական դատարանի՝ խախտվել է քաղաքացու արդար դատաքննության իրավունքը, հայտնում է գործը վարած փաստաբան Տաթևիկ Մատինյանը։

«Այդ որոշմամբ, «Սպարտակ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում: Այսինքն՝ խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Մանուչարյանը դատապարտվել է մեկ վկայի ցուցմոնքով, որն այդպես էլ չի հարցաքննվել և Մանուչարյանը չի կարողացել դատարանում իրացնել իր պաշտպանվելու իրավունքը»,- ասում է փաստաբանը:

2009 թվականին այս գործով Սպարտակ Մանուչարյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Ըստ պաշտպանների, այդ գործի մեղադրանքի հիմքը նախաքննության ընթացքում ձեռք բերված մեկ վկայի՝ սպանվածի ընկերուհու բացատրությունն է եղել, ով դրանից հետո դատարանում այդպես էլ չի հարցաքննվել։ Դեռևս մինչ պատգամավոր ընտրվելը, այս գործով զբաղված Էդմոն Մարուքյանը նկատում է՝ չնայած հայաստանյան բոլոր 3 ատյաններով գործն անցել է, այնուամենայնիվ, դատավորներից որևէ մեկը փաստաբանների մատնանշած խնդիրներին այդպես էլ ուշադրություն չի դարձրել։

«Մեր դատական համակարգի հիվանդություններից է, երբ դատախազության, իրավապահ մարմինների ճնշման ներքո դատարանները տեղի են տալիս և գործը տանում են առաջ: Վերջում ունենում ենք այն, ինչ ունենում ենք՝ ԵԴ-ում Հայաստանի դեմ վճիռները տարեցտարի շատանում են»,- նշում է Մարուքյանը: Նրա գնահատմամբ, առանց բավարար և հիմնավոր ապացույցների որևէ մեկին մեղադրանք առաջադրելու ձեռագիրը խորհրդային տարիներն է հիշեցնում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով էլ, «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի» գործը եզակի չէ․ Հայաստանի դատարաններում տասնյակ նման քննություններ են իրականացվում։ Եթե մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված ու քաղաքական ենթատեքստ ունեցող գործերում դատավորները փորձում են ավելի զգոն լինել, ապա սովորական քրեական գործերում բոլորովին այլ պատկեր է, ասում է նա։

«Բացարձակապես ազատ են՝ մարդու հետ վարվել այնպես, ինչպես կարող են՝ կալանքներ, դատավճիռներ․․․ ու պատահական չէ, որ այս կարգի գործերը երբ հայտնվում են Եվրադատարանում, բողոքող կողմը շահած է դուրս գալիս: Ապագայում այդպիսի գործերն ավելի շատ են լինելու, որովհետև դեռևս խորհրդային տարիներից փոխանցված կարծիքը, թե նա, ով հայտնվել է մեղադրյալի աթոռին, պետք է անպայման դատապարտվի, շարունակում է մնալ գերակա»,- նշում է իրավապաշտպանը:

Ըստ նրա, Հայաստանի դատական համակարգն անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ չսովորեց մարդուն ընկալել, որպես արժեք: Էդմոն Մարուքյանն էլ հավելում է՝ դատարաններն, ի վերջո, պետք է կարողանան վեր կանգնել գերատեսչական շահեր սպասարկելուց՝ «Անկախ, անաչառ քննություններ են պետք, արդարադատոթւյուն, որի համար 25 տարի է պայքարում ենք»,- ասում է պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG