Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ, գումար տրամադրելով՝ Միացյալ Նահանգների դեսպանությունը փաստում է, որ ավելի է մեծացնելու վերահսկողությունը ընտրությունների նկատմամբ և կեղծիքների դեպքում կարող են անգամ պատժամիջոցներ կիրառվել իշխանության նկատմամբ։
«Եթե գումարներ են դրվում, բավականին մեծ գումարներ են դրվում, դա արվում է հանուն ազատ և արդար ընտրությունների: Իսկ դրանից հետո նշանակում է, որ այդ գումար ներդրողները չեն կարող անտարբեր լինել: Սա նշանակում է ավելի լուրջ վերահսկողություն, ավելի ուշադիր աչք ու ականջ էս ամբողջ պրոցեսների համար: Եվ եթե ընտրությունները սպասումները չարդարացնեն, բնական է, կլինի արձագանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը երեկ հայտարարեց, որ Եվրամիության անդամ երկրների հետ համատեղ կֆինանսավորի ընդդիմության ու քաղհասարակության պահանջով ընտրական գործընթացներում վերահսկողական մեխանիզմների ներդրումը։ Փաստելով դրանց կարևորությունը՝ ԱՄՆ կառավարությունը նաև շեշտել էր․ - «Մենք միանում ենք այս ջանքերին, սակայն գիտակցում ենք, որ ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին: Սա քաղաքական կամքի հարց է: Բեռը, ըստ էության, կառավարության ու վերջինիս մաս կազմող հաստատությունների վրա է»։
Հաղորդագրության մեջ այս շեշտադրման առկայությունը պատահական չի համարում նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ սա նախազգուշացում է իշխանություններին, և նման նախազգուշացում հնչեցրել են նաև մյուս դոնոր երկրներն ու կազմակերպությունները․ - «Մեր թե՛ Եվրոպական միության, թե՛ [ԱՄՆ] դեսպանատան գործընկերները շատ բաց տեքստով իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասում են: Եվ ես բնավ պատահական չեմ համարում, որ Հայաստան - Եվրոպական միություն իրավական նոր փաստաթուղթը չի ստորագրվի՝ մինչև ապրիլյան ընտրությունները չավարտվեն: Որովհետև ընտրությունները կարող են իսկապես էական բեկում մտցնել հարաբերությունների որակի մեջ»:
Իշխող Հանրապետականում Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարության մեջ ենթատեքստ չեն տեսնում։ Կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը նշում է, թե հանրապետականներն ազատ և արդար ընտրությունների անցկացման հարցում ունեն քաղաքական կամք, և տրամադրվող յուրաքանչյուր լուման ծախսելու են հենց այդ նպատակով․ - «Եվ մենք դրական ենք գնահատում մեր բոլոր միջազգային գործընկերների շահագրգռվածությունը, որպեսզի Հայաստանում 2017 թվականի ընտրությունները իրոք լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:
Շարմազանովը հիշեցրեց, որ 2017-ի ընտրությունների մասին ՀՀԿ վերջին համագումարում խոսեց նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը՝ կուսակիցներին հանձնարարելով ապրիլին կազմակերպել անբիծ ընտրություններ․ - «Քաղաքական հիմա հայտարարություն եմ անում՝ ավելի լավ է մենք 5-10 տոկոս պակաս ձայն հավաքենք, քան մենք 50-10 տոկոս ավել ձայն հավաքենք, բայց ընտրողների մոտ լինի կասկած, որ դրանք իրոք արդար են արվել թե չէ»:
Անբիծ ընտրությունների պատրաստվող Հանրապետականները, սակայն, չեն բացառում, որ նախորդ համապետական ընտրությունների նման այս անգամ էլ կուսակցության նախընտրական շտաբում ընդգրկեն նախագահի աշխատակազմի անդամների, վարչապետին ու մի շարք նախարարների․ - «Եթե ամեն ինչ մենք կարողանանք անել Ընրական օրենսգրքի ոգուն և տառին համապատասխան, որևէ խնդիր չի լինի»:
Այդուհանդերձ, ո՛չ ԱՄՆ դեսպաության հայտարարությունը և ո՛չ էլ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականները ընդդիմությանը լավատեսություն չեն ներշնչում։
Նաիրա Զոհրաբյանը նկատում է՝ անբիծ նշանակում է կատարյալ, իսկ այդպիսի ընտրություններ հանրապետականները կազմակերպել չեն կարող․ - «Վարչական ռեսուրսի տոտալ կիրառում, վստահ եղեք, կիրառվելու է ապագա խորհրդարանական ընտրություններում: Էդ արջի ծառայություն մատուցողների ակադեմիան․․․ Դա արդեն քոլեջ, ինստիտուտ էլ չի, դա արդեն ակադեմիա է: Վերջում երկու սլաքավարի էլ կտանեն կնստացնեն, կասեն՝ սա էր արջի ծառայություն մատուցող քոթոթը: Հոգնել ենք արդեն, ժողովուրդն էլ հոգնել է: Միամիտ չկա»:
Լևոն Զուրաբյանը հավելում է, որ Եվրամիության ու ԱՄՆ ֆինանսավորմամբ վերահսկողական մեխանիզմների ներդրումը կնվազեցնի կեղծարարության շրջանակը, սակայն իշխանությունները, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, վերարտադրվելու բազմաթիվ այլ գործիքներ ունեն․, - «Ես չեմ հավատում, որ իշխանությունները հրաժարվել են ընտրակաշառք բաժանելու և ադմինիստրատիվ ճնշումներ բանեցնելու մտադրությունից»:
Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններում վերահսկողական մեխանիզմները կյանքի կոչելու համար միջազգային դոնոր կառույցները կտրամադրեն ավելի քան 16 միլիոն եվրո, որով տեղամասերում կտեղադրվեն նախագրանցման էլեկտրոնային համակարգեր և ուղիղ հեռարձակում ապահովող տեսախցիկներ։