Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առաջարկում են քրեորեն պատժել նախագահին համացանցում «վիրավորողներին»


Ադրբեջանի գլխավոր դատախազն առաջարկում է քրեական պատիժ սահմանել համացանցում երկրի նախագահին վիրավորելու կամ նսեմացնելու համար: Ըստ այդմ, Իլհամ Ալիևի հասցեին սոցիալական ցանցում անհարգալից արտահայտվողներին սպառնում է 300-ից մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ է առաջարկվում այն օգտատերերի համար, որոնք հանդես են գալիս կեղծանուններով:

Օրենսդրական նախագիծն արդեն մտել է խորհրդարան, պատգամավորներն էլ ոչ միայն դրական են արձագանքել, այլև առաջարկել են փոփոխություններն ընդարձակել ու քրեական պատիժ սահմանել նաև առաջին տիկնոջն ու երկրի նախկին առաջնորդներին վիրավորելու համար:

«Ես մեկ անգամ չեմ ականատես եղել՝ ինչպես են համացանցում վիրավորական արտահայտություններ հնչեցնում մեր հանգուցյալ նախագահների՝ Հեյդար Ալիևի կամ Աբուլֆազ Էլչիբեյի հասցեին: Ինչ-որ մեկին գուցե դուր չի գալիս նրանց քաղաքականությունը, սակայն դա որևէ մեկին իրավունք չի տալիս վիրավորելու», - ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը:

Իրավապաշտպանները, մինչդեռ, վստահ են, որ Ալիևի վարչակազմը, լրատվական դաշտը վերահսկողության տակ առնելով, հիմա էլ գրաքննությունը համացանց է տեղափոխում:

«Առաջարկվող փոփոխությունները հակասում են ոչ միայն երկրի մայր օրենքին, այլև եվրոպական կառույցների առջև երկրի ստանձնած պարտավորություններին», - հայտարարում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության պլատֆորմը:

Նախագիծը քննադատել է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատարը: «Եթե այս փոփոխություններն ընդունվեն, դա ևս մեկ բացասական ազդակ կլինի Ադրբեջանում մամուլի և կարծիքների ազատության մասին», - հայտարարել է Դունյա Միյատովիչը՝ հիշեցնելով, որ Ալիևի վարչակազմը դեռ տարիներ առաջ խոստացել է ապաքրեականացնել զրպատության մասին օրենքը, մինչդեռ հիմա, խոստումը կատարելու փոխարեն, նոր հոդվածներ է ավելացնում:

«Իշխանությունն ուզում է սանձել ազատությունը նաև համացանցում», - «Ազատության» «Էխո Կավկազա» ծառայությանն ասել է «Թուրան» գործակալության խմբագիր Մեհման Ալիևը:

«Իշխանությունները հասկացել են, որ հիմա արդեն մարդիկ ընտրության լայն հնարավորություն ունեն և կարող են իրենք որոշել՝ ինչ դիտել, ինչ կարդալ, որտեղից տեղեկություն ստանալ: Մյուս կողմից, բազմաթիվ են աղբյուրները, որոնք պատրաստ են հասարակությանը տալ այն տեղեկատվությունը, որի պահանջարկն այսօր կա: Սա ցույց է տալիս, որ մարդկանց վախեցնելու, ընդդիմադիր հայացքները վերացնելու քաղաքականությունը ի չիք է դարձել, և հիմա վարչակազմը չգիտի՝ ինչ անել», - ընդգծել է «Թուրան»-ի խմբագիրը:

Իսկ մտահոգվելու առիթ, ըստ լրագրողի, կա: Ալիևի ընդդիմախոսները շարունակ նոր ճանապարհներ են գտնում իրենց բողոքն արտահայտելու համար․ - «Օրինակ, երկու երիտասարդներ վերջերս ճաղերի հետևում հայտնվեցին Հեյդար Ալիևի արձանին գրաֆիտի անելուց հետո: Նրանք դատարանում հայտարարեցին, որ միտումնավոր և գիտակցված են գնացել այդ քայլին, և չեն զղջում, թեև ստիպված են լինելու երկար տարիներ անցկացնել բանտում: Եթե երիտասարդներն արդեն այս մասին խոսում բացահայտ, այլ ոչ թե գաղտնի, ինչ-որ ծածկանուններով, ուրեմն հասարակության մեջ իսկապես լարվածություն կա իշխանության հանդեպ, հատկապես երիտասարդության շրջանում: Ես դեռ միայն հրապարակային անհնազանդության օրինակ բերեցի՝ չխոսելով այն մասին, թե ինչ է կատարվում սոցիալական ցանցերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG