Մատչելիության հղումներ

Տնտեսագետ․ Նախագահի ելույթն ավելի անկեղծ կլիներ, եթե նա անդրադառնար նաև բարձր գնաճին


Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ 16-րդ համագումարում: 26-ը նոյեմբերի, 2016 թ․
Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ՀՀԿ 16-րդ համագումարում: 26-ը նոյեմբերի, 2016 թ․

Հայաստանյան տնտեսագետների մեկնաբանությամբ՝ տնտեսական աճի վերաբերյալ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հրապարակած ցուցանիշներն իրական են, սակայն դրանք որևէ կապ չունեն բնակչության վիճակի հետ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ նույնիսկ խորհրդային տարիներին փորձում էին բացատրել, թե ինչու որևէ բան չի հաջողվել, բայց նախագահի ելույթում առկա խնդիրներն անտեսվեցին․ - «Իրական վիճակը ներկայացնելու դեպքում պետք է խոսվեր նաև էդ վիճակից ելնելու քայլերի ու ապագայի մասին: Ես կարծում եմ, դա հենց պայմանավորված է նրանով, որ ասելիք չկա: Օրինակ, մենաշնորհները խնդի՞ր են, թե՞ չէ, կոռուպցիան խնդի՞ր է, թե՞ չէ, մրցակցային միջավայրը խնդի՞ր է, թե՞ ոչ, պետական, էս չինովնիկական ապարատի ընդհանրապես վերաբերմունքը կամ մոտեցումը, տնտեսության ներքին վարվող քաղաքականությունը ինչպիսին է․․․ Սրա մասին ոչինչ չկա»:

Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ունեցած իր ծրագրային ելույթում նախագահը հայտարարեց, որ վերջին 9 տարիներին Հայաստանն արձանագրել է ավելի քան 29 տոկոսի աճ, այն դեպքում, երբ Եվրոպայում տնտեսական աճը չի հասել անգամ 9 տոկոսի: Իր պաշտոնավարման տարիներն ամփոփելով՝ նախագահն ընդգծեց, որ նվազագույն աշխատավարձը 20 հազարից հասել է 55 հազար դրամի, թոշակը 2007 թվականի 12 հազար դրամի փոխարեն այժմ 42 հազար է․ - «Էականորեն մեծացել է բնակչության բարեկեցությունը։ Բայց ինչպես ասում են, եթե նախկինում քչով բավարարվում էինք, այսօր ավելի մեծ կարիքներ ունենք։ Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք՝ շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից: Ու սա բնական է, ու սա լավ է»:

Վահագն Խաչատրյանի խոսքով, մինչև 2012 թվականը տնտեսական աճի ցուցանիշներն այլ մեթոդով են հաշվարկվել և դրանք չեն կարող համադրվել հաջորդ տարիների ցուցանիշների հետ:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով էլ Սերժ Սարգսյանի հայտարարած ցուցանիշներն իրական են, սակայն դրան զուգահեռ այս ընթացքում վատթարացել է մարդկանց սոցիալական վիճակը․ - «Ունենք ավելացած աղքատություն, որը հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ուժեղացավ, և որոշ չափով նաև Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաների արդյունքում: Միաժամանակ գործազրկության մակարդակը բարձր է մնում Հայաստանում: Պաշտոնական տվյալները աղքատության եթե մի փոքր իջել է՝ համարյա 30 տոկոս, գործազրկությունը համարյա 18-19 տոկոսի միջև է»:

«Եթե կյանքը բարելավվել է, ապա ինչո՞ւ է 2005-2015-ին թվականներին պաշտոնական տվյալներով արտագաղթել 335 հազար մարդ», - հարց է բարձրացնում Վահագն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ չի կարելի խոսել աշխատավարձերի բարձրացումից և չանդրադառնալ վերջին տարիներին արձանագրված բարձր գնաճին․ - «Երբ որ խոսում եք տնտեսական աճի մասին, անպայման պետք է նաև ինֆլյացիայի մասին խոսեք: Հակառակ դեպքում ձեր ամբողջ տնտեսության զարգացման պատկերը պարզ չի լինի: Այսինքն տարեցտարի տոկոսադրույքը գումարելով՝ 50 տոկոսով փաստորեն մեր մոտ գների բարձրացում է տեղի ունեցել: Մենք հիմա ավելի շատ ունենք սոցիալապես անապահով մարդիկ, քան ունեցել ենք 2007-2008 թվականններին»:

Խիստ քննադատության արժանացած արտաքին պարտքին անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում վստահեցրել էր, որ այն կատարել է իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավել է ֆինանսական անբարենպաստ վիճակին, գումարի հիմնական մասը ներդրվել է հեռանկարային ծրագրերում, օրինակ՝ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության մեջ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը հակադարձում է՝ ասելով, որ «Հյուսիս-հարավն» ամենաանհաջող օրինակն է՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է այդ ճանապարհի շինարարությունը: Իսկ արտաքին պարտքն ըստ տնտեսագետի՝ նպատակային չի օգտագործվել․ - «Վարկային միջոցների նպատակային օգտագործման խնդիր կա: Եվ շատ դեպքերում էդ վարկային միջոցները ուղղակի վերցրել են բյուջետային ծախսերը փակելու համար՝ աշխատավարձ, սոցիալական նպաստ տալու համար»:

Տնտեսագետի ամփոփմամբ նախագահի ելույթն առավելապես քարոզչական նպատակ ուներ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG