Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի 2018-ի գագաթնաժողովը՝ Հայաստանում


Մադագասկար - Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովի մասնակիցները, Անտանանարիվու, 27-ը նոյեմբերի, 2016թ․
Մադագասկար - Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովի մասնակիցները, Անտանանարիվու, 27-ը նոյեմբերի, 2016թ․

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը երեկ միաձայն որոշում է ընդունել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում:

Որոշման կայացմանը հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցել է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը:

«Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու ձեր որոշման համար։ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։ Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում: Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթաժողովն առիթ է հանդիսանալու կրկին անգամ արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում գրել է Հայաստանի նախագահը: - «Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձնառություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը»:

16-րդ գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունեցել Մադագասկարի նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG