Օրենք դառնալուց հետո հենց այդ փաստաթղթի հիման վրա պետք է աշխատի 2017 թ․ ապրիլի ընտրություններից հետո ձևավորվելիք Ազգային ժողովը: Այսօր նախագիծը քննարկվում էր Պետաիրավական հարցերի հանձնաժողավում:
Նախագծում փոփոխությունները շատ են՝ կառավարման խորհրդարանական կարգի անցնող պետությունում օրենսդիրների դերակատարությունն ու աշխատանքի ծավալն ավելանալու է, ուստի՝ նախատեսվում է հրաժարվել երրորդ ընթերցման գաղափարից, քննարկումների մի մասն էլ տեղափոխել հանձնաժողովներ, կրճատել ելույթների և հարցերի համար նախատեսված ժամանակը:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշում է՝ «Ելույթների ժամկետը կրճատել ենք, որովհետև․․․ես չեմ ուզում իմ որևէ գործընկերոջ վիրավորեմ, բայց մրացավազք է կարծես թե ձևավորվել, որ այդ 10-12 րոպեն մինչև վերջ, ով մտավոր հնարավորություններ կունենա, խոսի»:
Սահակյանն ասաց նաև, թե որոշել են հանել խմբակցություններից դուրս գալու արգելքը․ գործող կանոնակարգ օրենքով, խմբակցությունը լքելուց հետո պատգամավորական մանդատը պահպանել կարող են միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն ու համամասնական ցուցակում ընդգրկված առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները: Համամասնական ընտրակարգով ընտրված մյուս պատգամավորներին ներկայումս նման հնարավորություն չի տրվում: Նոր կանոնակարգով առաջարկվում է հանել այդ պարտադրանքը:
«Հիմա մենք հստակեցրել ենք էս դաշտը, ասում ենք՝ եթե էս խմբակցության պատգամավորը ցանկություն չունի խմբակցության հետ աշխատելու, հնարավորություն ենք տվել՝ թող գրի և դուրս գա: Կամ խմբակցությունը տեսնում է, որ այս պատգամավորը լրիվ այլ ուղղությամբ է գնում, թող որոշի․․․ մենք էսօր պատկերը տեսնում ենք՝ մի խմբակցության մեջ 7 դիրքորոշում հայտնող պատգամավորներ ունենք: Դրա համար էդ դաշտը պետք է հստակեցնել: Իսկ դուրս գալ, մնալ, մանդատից զրկելը դա սահմանադրական նորմ է, և չես կարող․․․այսինքն՝ նրան ընտրել է ժողովուրդը»,- պարզաբանեց Հովհաննես Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը բազմաթիվ դիտողություններ ուներ: Նա ընդհանրացրեց՝ նախագիծը չափազանց հում է առաջին ընթերցմամբ քննարկելու համար և, ընդհանուր առմամբ, լիովին չի արտահայտում այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ: «Ինձ մոտ տպավորութուն է ստեղծվել, որ մենք Սահմանադրոթւյամբ Ազգային ժողովին բավական լուրջ դերակատարումներ ենք վերապահել, հիմա էլ ձռքը կրակն ենք ընկել: Հիմա էլ կանոնակարգով ուզում ենք էդ դերակատարումները կամ լիազորությունները սահմանափակել»,- ասաց Ջհանգիրյանը: