Մատչելիության հղումներ

Առաջիկա շաբաթավերջը հագեցած է մշակութային իրադարձություններով


Առաջիկա օրերը արվեստասերների համար կարող են շատ գրավիչ լինել:

Այս երեկո Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունենալիք համերգը նվիրված է մեր անվանի կոմպոզիտորներից Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյա հոբելյանին: Կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունները բազմիցս ամենատարբեր հեղինակավոր մրցանակների են արժանացել թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան մի շարք երկրներում:

Վաղը «Սիրված երգեր» խորագրի ներքո Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայանալիք համերգը նվիրված է մեր լավագույն կոմպոզիտորներից Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյա հոբելյանին: Հնչելու են նրա ամենատարածված ու սիրված երգերը մեր անվանի երգիչ-երգչուհիների կատարմամբ:

Ազգային պատկերասրահում վաղը կբացվի մի ուշագարվ ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու 18-20-րդ դարերի ռուս նկարիչների գրաֆիկական աշխատանքները: Ի դեպ, Ազգային պատկերասրահը իր պահոցներում պահվող 500-ից ավելի այդ աշխատանքներից ցուցադրության է նախապատրաստել 230-ը՝ ջրանկարներ և գծանկարներ, որոնց մեծ մասը ռուս անվանի գեղանկարիչները ստեղծել են հայկական թեմաներով: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Իսկ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում վաղը «Հայկական հանգույց․ հայկական գորգագործության մշակույթը» խորագրի ներքո կմեկնարկի հանրապետական երկրորդ գիտաժողովը, որին կմասնակցեն անվանի արվեստաբաններ և գորգագործներ: Գիտաժողովի ավարտին մասնակիցներն իրենց ձեռքով ավարտին կհասցնեն հենց գիտաժողովի ընթացքում գործվելիք փոքրիկ Խաչգորգը, որից հետո էլ ազգագրական երգերի ուղեկցությամբ տեղի կունենա գորգը կտրելու ծիսական արարողությունը:

Հավելենք նաև, որ նոյեմբերի 25-ին «Բուկինիստ» գրախանութում մի շատ ուշագրավ ակցիա է նախատեսված, որը կանցկացվի երեկոյան ժամը յոթից մինչև կեսգիշեր: «Արի գրքախառնվենք» խորագրով ակցիան գրքասերների համար է, ովքեր վաղը այդ գրախանութում հնարավորություն կունենան ոչ միայն գրքերը 30 տոկոս զեղչով գնելու, այլ նաև միմյանց հետ թեյ խմելու, գրքեր փոխանակելու ու մասնակցելու մի շարք ուշագրավ ակցիաների:

Թատերասերներն այս օրերին հնարավորություն ունեն մասնակցելու երիտասարդ ռեժիսորների միջազգային ամենամյա փառատոնին, որի ընթացքում կարող են դիտել թե՛ Եվրոպայից, թե՛ ԱՊՀ երկրներից ժամանած ռեժիսորների ներկայացումներ:

«Սա շատ կարևոր փառատոն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստակաբ ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ շեշտելով, որ փառատոնի նպատակը նոր անունների բացահայտումն է․ - «Ես ընդհանրապես կարծում եմ, որ հասարակությունն այնքանով ա առողջ, ինչքանով փնտրում ա տաղանդներ, և այնքանով ա հիվանդ, ինչքանով սահմանափակում ա եղածը: Այդ բացահայտվող անունները հետագայում ստանում են հնարավորություն ավելի լայն հանդիսատես ունենալու: Նաև ստանում են հնարավորություն հետո մասնագիտական առումով ուսումը շարունակելու, տարբեր երկրների իրենց կոլեգաների հետ ծանոթանալու: Կարծում եմ, այսպիսի հրաշալի երիտասարդ ռեժիսորներ մենք երբևիցե չենք ունեցել՝ Վահան Բադալյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նորա Գրիգորյանը, Կարապետ Բալյանը, Սամսոն Մովսիսյանը, Նարինե Գրիգորյանը, Զարուհի Անտոնյանը, Տաթրիկ Մելքոնյանը․․․ Ընդ որում ամեն տարի հետաքրքիր ու իրարից շատ տարբերվող ներկայացումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG