Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարարը կոչ է անում արագացնել Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու գործընթացը


Դոնալդ Ռամսֆելդ, արխիվ
Դոնալդ Ռամսֆելդ, արխիվ

Դոնալդ Ռամսֆելդը վստահ է՝ «Թբիլիսին կարող է մեծ դեր խաղալ Եվրոպան և Սև ծովը ռուսական ավանտյուրիզմից պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի ծրագրերում»:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը կոչ է անում արագացնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, պնդելով՝ պաշտոնական Թբիլիսին վերջին ընտրություններում կրկին ցուցադրեց իր հավատարմությունն արևմտյան արժեքներին, ժողովրդավարությանն ու բազմակարծությանը:

«Վրաստանի գրեթե բոլոր խոշոր կուսակցությունները հանդես են գալիս Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերություններ ունենալու օգտին, ինչն, ըստ էության, բացառիկ երևույթ է նախկին Խորհդային Միության տարածքում»,- գրել է Ռամսֆելդը The Wall Street Journal-ում, հավելելով՝ «Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ինձ ասել է, բազմիցս էլ հրապարակավ հայտարարել է, որ Վրաստանի ընտրած այդ ճանապարհն այլևս անշրջելի է»: Ի՞նչ կարող է անել Ամերիկան՝ Վրաստանի այդ ձեռքբերումներին աջակցելու և դրանց ետևում կանգնած հույսերն արդարացնելու համար, հարց է տալիս հանրապետական գործիչն ու այս առնչությամբ մի քանի առաջարկ ներկայացնում Միացյալ Նահանգների նոր վարչակազմին:

«Նախ, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում խոչընդոտները պետք է վերացվեն, և Թբիլիսին պետք է անհապաղ գործողությունների ծրագիր ստանա»: Պենտագոնի նախկին ղեկավարը հիմնավորում է՝ «Վրացիները կատարել են իրենց պարտքը՝ ուսի-ուսի ամերիկացիների ու դաշինքի մյուս զինվորների կողքին կանգնելով Իրաքում ու Աֆղանստանում»: «Բնակչության ու խաղաղապահների թվի համամասնությամբ, Վրաստանը երկրորդն է Միացյալ Նահանգներից հետո՝ գերազանցելով անգամ Եվրոպական որոշ երկրների, որոնք սառն են արձագանքում դաշինքին Վրաստանի անդամակցությանը»,-փաստում է Ռամսֆելդը, մանրամասնելով՝ 81 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիան 55 զինվոր է կորցրել Աֆղանստանում, մինչդեռ 5 միլիոնից էլ քիչ բնակչությամբ Վրաստանը՝ 32:

Բացի այդ, Վրաստանը բացառիկ հեռանկար ունի Կովկասյան բարդ տարածաշրջանում, ընդգծում է ամերիկացի նախկին նախարարն ու շարունակում, Վրաստանը դիմակայել է ռուսական հարձակումներին, սահմանակցում է Թուրքիային և հարաբերություններ հաստատում Իրանի հետ, ինչը համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում, այդ թվում՝ հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում: Ըստ Ռամսֆելդի, Վրաստանը նաև կարևոր տրանսպորտային ուղի է Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից երկրներ, «պատնեշ, որն արգելափակում է ջիհադիստների հոսքը նախկին Խորդային տարածքից դեպի Մերձավոր Արևելեք»:

Դոնալդ Ռամսֆելդն ընդգծում է՝ Թբիլիսին, անկասկած, կարող է նաև մեծ դեր խաղալ Եվրոպան և Սև ծովը «ռուսական ավանտյուրիզմից պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի ծրագրերում»: Փաստելով, որ Ռուսաստանը, ինչպես և ենթադրվում էր, ընդդիմանում է Վրաստանի անդամակցությանը՝ Ռամսֆելդը գրում է՝ «Արևմուտքի անվտանգության շահերն ու արժեքները չպետք է զոհ գնան Ռուսաստանի կայսերական նկրտումներին:»

«Կրեմլը 2008-ից օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, դրանց վերադարձի շուրջ բանակցություններն առայժմ տեսանելի արդյունք չեն տվել»,- նշում է ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարարը, ընդգծելով՝ «Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի իր մասնակցությունն այս խնդրի շուրջ բանակցություններում և պատրաստ լինի հավելյալ քայլերի, որոնք կխստացնեն Ռուսաստանի վճարելիք գինը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացման համար: Վաշինգտոնը պետք է խորացնի համագործակցությունը Վրաստանի հետ ոչ միայն զուտ մարդասիրական նկատառումներով, դա նաև բխում է Ամերիկայի կենսական շահերից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG