Մատչելիության հղումներ

«Հանրապետության» առաջնորդը այլ ուժերի հետ դաշինքի հնարավորություններ տեսնում է


«Մեր թիրախը լինելու է Սերժ Սարգսյանը», - հայտարարում է Արամ Սարգսյանը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ քաղաքական ուժերի հետ քննարկումներ են անցկացնում հնարավոր միավորումներ, դաշինքներ ստեղծելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցով:

«Արդեն ուրվագծվո՞ւմ է այն դաշինքը, որում կարող ենք նաև ձեզ տեսնել», - այս հարցին Սարգսյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ էն շփումները, ինչը այսօր կան, տեղի են ունենում, կարող են դրանք նման արդյունքներ տալ, որովհետև թե՛ գաղափարական առումով, թե՛ մարդկային մոտեցումների առումով, թե՛ անցած ճանապարհի առումով իրարից շատ հեռու չենք, և էդ առումով հնարավորություններ տեսնում եմ, այո»:

Լուրերի առնչությամբ, որ «Հանրապետություն»-ը կարող է դաշինք կազմել «Ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայտարարեց, թե գտնում է ոչ-նպատակահարմար անուններ տալը, «որովհետև վերջնական համաձայնություն դեռ չկա, դեռ կան խնդիրներ, որոնք պիտի հարթվեն»:

Դիտարկմանը՝ «բայց, ամեն դեպքում, քննարկումներ նաև այս ուժերի հետ կան», նա արձագանքեց․ - «Իհարկե, քննարկումներ էդ ուժերի հետ միանշանակ կան, այո»:

«Արդեն իսկ պարզ է, որ որևէ քաղաքական ուժ առանձին այս ընտրություններին չի գնալու՝ հաշվի առնելով և՛ մարդկային, և՛ ֆինանսական ռեսուրսները համախմբելու, կրկնապատկելու հարցը: Խոսվում է, որ, օրինակ, Ծառուկյանն առաջիկայում երբ վերադառնա քաղաքականություն, ընտրություններին մասնակցելու է դաշինքով: Ձեզ կհաջողվի՞ դիմագրավել այնպիսի մի միավորման, որն ունենալու է ֆինանսական ահռելի հնարավորություններ, տարածքներում ունենալու է հեղինակություններ, - այս հարցին ի պատասխան էլ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց․ - «Հարգարժան Գագիկ Ծառուկյանը իր կամքով չէր, որ մտավ քաղաքականություն, իր կամքով չէր, որ դուրս եկավ քաղաքականությունից, նաև հիմա իր կամքով չի, որ նորից մտնելու է քաղաքականություն: Ընդհանրապես, էն մարդիկ, ովքեր շարժվում են ուրիշի կամքով, նրանցից որևէ լավ բան սպասել չի կարելի կամ անհնարին է: Հասկանում եմ, որ դաշտ է մտցվում ուղղորդված, որ նյութական ռեսուրսներով, ֆինանսական հնարավորություններով, իշխանությունը նաև իր շոշափուկները տարածի քաղաքական դաշտում մնացած մանր ու միջին, հնարավորություն չունեցող ընդդիմադիր որոշակի ուժերին իրենցով անելու»:

«Խնդիրը բացարձակ Գագիկ Ծառուկյանի հետ չի, ոչ էլ պայքարը Գագիկ Ծառուկյանի դեմ է, [այլ] Գագիկ Ծառուկյանին քաղաքականություն մտցնող ու հանողների դեմ է: Հարգարժան Գագիկ Ծառուկյանին օգտագործում են, ու հիմա էլ փորձում են օգտագործել նաև նրանք, ովքեր չեն ալարում՝ մտածելով, որ «նորից մտցնենք, դե նյութական միջոցներ է, և այլն, և այլն»: Թող ինքը ուշադիր լինի, բայց դա իր խնդիրն է», - շարունակեց Արամ Սարգսյանը, հարցին էլ՝ «Ծառուկյանը չգիտի՞, որ իրեն ուզում են օգտագործել, ինչպես Դուք եք նշում», արձագանքելով․ - «Գիտե՞ք, եթե 60-ն անց մարդը ուղղորդվում է, էս մարդու մասին իմանալ կամ չիմանալ ասելը չեմ համարում իմ խնդիրը, չեմ համարում ճիշտ, սպասելիք չունեմ»:

«Հիմնական պայքարը լինելու է Հանրապետականի դեմ: Մեր թիրախը լինելու է ոչ թե տեղում մեր դեմ առաջադրված գյուղական կամ տեղական ինչ-որ հեղինակություն՝ մեր թիրախը լինելու է Սերժ Սարգսյանը», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG