Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» և «Լուսավոր Հայաստանը» խորհրդակցություններ են անցկացնում


Ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ խորհրդարանական ընտրություններին կարող են մասնակցել դաշինքով, եթե նրանք այժմ ընթացող քննարկումներում ընդհանուր հայտարարի գան։

«Ժառանգություն», «Քաղաքացիական պայմանգիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների խոսքով՝ ընթանում են ոչ թե բանակցություններ, այլ մտքերի փոխանակում կամ խորհրդակցություններ:

«Կոնսուլտացիաներ են ընթանում տարբեր ուժերի հետ՝ հասկանալու, թե ինչ հնարավոր մեթոդներ ու մեխանիզմներ կան ռեսուրսները համատեղելու, կենտրոնացնելու, որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ ՏԻՄ ընտրություններում, դա չլինի և առավելագույնս կարողանանք փոփոխությունների հասնել 17 թվականի ապրիլի ընտրություններով», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը հաստատում է՝ խորհրդակցություններ ընթանում են: - «Բանակցությունների մասին խոսելը անիմաստ է, ուղղակի խորհրդատվություն է ընթանում քաղաքական դաշտում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Փոստանջյանը՝ հավելելով, թե ինքն անձամբ դրանց չի մասնակցում:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» փոխանցեց, որ խորհրդակցությունների վերաբերյալ այս պահին ասելիք չունի, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հաստատեց՝ իրենց կուսակցությունը ևս մասնակցում է ապրիլին ընդառաջ ծավալվող գործընթացներին․ - «Մտքերի փոխանակում կա, շփումներ կան: Թե ինչի՞ կվերածվի ժամանակի ընթացքում՝ դա չեմ կարող այս պահին ասել»:

«Քաղաքացիական պայմանգիրը», այնուամենայնիվ, հետ չի կանգնի ավելի վաղ հնչեցրած մտքից, որ Հայաստանին պետք է մեկ ընդդիմադիր կուսակցություն, բայց Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրատեսական չեն համարում մինչև ապրիլ ձևավորել ընդդիմադիր դաշտը միավորող մեկ կուսակցություն, հետևաբար ընտրություններին հնարավոր է գնան դաշինքով՝ բացառելով համագործակցությունը որոշ ուժերի հետ․ - «Մենք բազմիցս ասել ենք՝ այն կուսակցությունները, որոնք մեղսակից են Մարտի 1-ին և հանդիսացել են իշխող ռեժիմի արբանյակները, և հանդիսանում են իշխող ռեժիմի արբանյակները»:

«Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» չեն բացառում, որ կարող են հայտնվել ընդհանուր դաշինքում, թեև ընդամենը 2 ամիս առաջ Վանաձորի քաղաքապետի ընտրապայքարում միմյանց կոպտորեն, անգամ վիրավորական արտահայտություններով էին քննադատում։

«Իրենք ասում են՝ դա մեր ստրատեգիան է եղել: Ես այն ժամանակ էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ, որ դա սխալ ստրատեգիա էր», - մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը՝ շարունակելով․ - «Որևէ անհաղթահարելի բան չեմ տեսնում: Այսինքն՝ այո, մարդիկ կան՝ վիրավորված են: Օրինակ՝ մեր թիմում շատ է այդ վիրավորվածությունը, որովհետև հիմնականում մենք աշխատել ենք չպատասխանել: Մեր հասցեին բազմաթիվ, տարբեր տեսակի բաներ են ասել, ու ամենաշատը՝ իմ հասցեին: Բայց եթե ես կարողանում եմ վեր կանգնել այդ ամեն ինչից հանուն ավելի բարձր արժեքի, ես կարծում եմ, որ մեր թիմում մյուսներն էլ պետք է այդ քայլը կատարեն», - հավելեց նա:

Մարուքյանը վստահ է՝ եթե ընդդիմադիր դաշտը չհաղթահարի նախկին տարաձայնությունները, և եթե այնուամենայնիվ հաջողության չհասնեն գործընկեր փնտրելու այս փուլում, կկանգնեն նույն կոտրված տաշտակի առջև, երբ աղճատվում են ընդդիմադիր ռեսուրսները և փոշիանում են ձայներ։

«Անցողիկ տեղերը կնվազեն»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, սահմանադրական փոփոխություններից հետո դժվար է պատկերացնել, որ 2017-ին մեծաթիվ կուսակցություններ կարող են մտնել խորհրդարան և մանդատները կբաշխվեն ընդամենը մի քանի կուսակցությունների կամ դաշինքների միջև։

«Մի առանձնահատկություն կա, որ, կարծես թե, խորհրդարանն ունենալու է ավելի քիչ տեղեր, քան նախորդը: Սահմանադրությամբ ամրագրված է ավելի փոքր ծավալ: Ըստ ամենայնի, կլինի մեկ փուլով ընտրություն և տեղերը կնվազեն: Հայտնի է, որ կառավարությունն էլ խորհրդարանի համար 2017-ի բյուջեով ավելի քիչ ծախս է նախատեսել, և այս ամենը կուսակցություններին կստիպի գնալ դաշինքներով, որովհետև կա անցողիկ տեղերի բավական նվազելու խնդիր», - ասում է Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG