«Առայսօր առաջընթաց բանակցային գործընթացում չկա: Ավելին, ներկա փուլում անհնարին է սպասել առաջընթաց՝ քանի չեն իրականացվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համաձայնությունները: Որովհետև անհնարին է ակնկալել առաջընթաց բուն բանակցային գործընթացում, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, սադրանքներ են կազմակերպում շփման գծում: Միջնորդների, եռանախագահների երկրորդ առաքելությունը, որը, ցավոք սրտի, դառնում է առաջինը, կայանում է նրանում, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Շավարշ Քոչարյանը:
Հայաստանի փոխարտգործնախարարը նաև նշեց, որ Համբուրգում հաջորդ ամիս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցը դեռևս հստակեցված չէ:
Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Փոխարտգործնախարարի խոսքով, այդ հայտարարությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ․ - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Իմաստը դա է»:
Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչն անսպասելի չի համարում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը հունվարից իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ, քանի որ արդեն լրացել էր նրա պաշտոնավարման ժամկետը:
Փոխարտգործնախարարն արտառոց չի համարում նաև այն, որ ամերիկացի համանախագահը պատրաստվում է աշխատանքի անցնել ռուսական իրավաբանական ընկերությունում․ - «Դուրս գալով այդ պաշտոնից, նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը: Նախորդ համանախագահի դեպքում, ես Մեթյու Բրայզային ի նկատի ունեմ, նրա ապագա գործունեությունը ցույց տվեց, որ, այնուամենայնիվ, լինելով համանախագահ, որոշակի կողմնակալություն մենք տեսնում ենք, որը արտահայտվեց իր հետագա աշխատանքում: Այս դեպքում ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ չեմ տեսել իր [Ուորլիքի] ապագա գործունեությունը»:
Քոչարյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը պետք չէ գերագնահատել, նրանք շարունակում են իրենց նախորդների գործը, իսկ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը որոշակի փոփոխությունների կարող է հանգեցնել․ - «Հասկանալի է, որ Ամերիկայի դեպքում էլ նույնիսկ, երբ որ գալիս է նոր նախագահ, այնուամենայնիվ, կան կայացած ինստիտուտներ, կան փորձագիտական խմբեր, կա քաղաքականություն: Այդ տեսակետից այստեղ էլ չափազանց կտրուկ քայլերը այնքան էլ հավանական չեն: Բայց, բնական է, որ այստեղ արդեն նախագահը ունի լրիվ այլ լիազորություններ, քան ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում, և այստեղ հնարավոր են այս կամ այն ուղղությամբ որոշակի փոփոխություններ»:
Մեկ ամիս առաջ տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներից Ջեյմս Ուորլիքը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց այցի հիմնական նպատակն է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումը և դրա վերաբերյալ առկա է բոլոր կողմերի համաձայնությունը, մնում է միայն որոշ դետալների ճշգրտում:
Հայաստանի փոխարտգործնախարարն այսօր հայտարարեց, որ Անջեյ Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում ևս առաջընթաց դեռևս չկա, չնայած որ ի տարբերություն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի՝ այս դեպքում հնարավորություններն ավելի մեծ են․ - «Այստեղ գոնի ինչ-որ չափի հույս կա, որ կարող է լինել առաջընթաց: Այդ իսկ պատճառով Ուորլիքը նշել է միայն այն, ինչ կապված է Կասպշիկի խմբի կարողությունների ավելացման հետ: Բայց ես պետք է ասեմ, որ այսօր դեռևս Ադրբեջանը, ձևականորեն ասելով «այո», հարուցում է տարբեր խոչընդոտներ նույնիսկ այդ հարցը կարգավորելու համար»:
Շավարշ Քոչարյանը մեկնաբանեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը, ինչն արդեն երկու անգամ հետաձգվել է: Վերջին անգամ հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստին նախատեսված էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով կփոխանցվի Հայաստանի ներկայացուցչին, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ:
«Չեղավ կոնսենսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, դրա համար դա հետաձգվեց: Դեկտեմբերին լինելու է հատուկ ՀԱՊԿ-ի նիստ, որտեղ քննարկվելու է այդ հարցը: Մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք և մենք գտնում ենք, որ ռոտացիան պետք է լինի ըստ ռուսական այբուբենի և հաջորդը Հայաստանն է», - նշեց նա: