Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր դաշտում միավորման հնարավոր տարբերակներ են քննարկում


Կառավարության բարեփոխումների ծրագրի հետ հույս չկապող ու 2017-ի բյուջեի նախագիծը խիստ քննադատության ենթարկող ընդդիմադիրները կարծում են, որ Հայաստանը ճգնաժամային վիճակից դուրս բերելու ամենաարագ միջոցը 2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են:

«Դա մեծ շանս է Հայաստանում արմատական փոփոխություններ կատարելու համար: ժողովուրդը պետք է գնա, քվեարկի ռեժիմի դեմ: Մենք կառաջարկենք այն պլատֆորմը, որի օգտին պետք է քվեարկի ժողովուրդը»,- «Ազատությանն» ասաց ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա նշած՝ միասնական պլատֆորմի շուրջ առայժմ համաձայնություն չկա, սակայն, ընդդիմադիր ուժերը հիմնականում չեն բացառում միավորումը, նշելով տարբեր պայմաններ։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավելում է՝ դրված չէ որևէ ուժի շուրջ միավորվելու խնդիր՝ «Խնդիրը պետք է դրվի էսպես՝ ստեղծվում է այլընտրանք, կենտրոն, բևեռ, որը կարող է Հանրապետական կուսակցությանը զրկել մենիշխանությունից»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում ևս քննարկում են ընդդիմադիր դաշտի միավորման հնարավոր սցենարներ: «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում այդ մասին ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «Կուսակցությունում ներքին քննարկումների մեջ ենք, ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ ենք որոշակի բանակցություններ ունեցել ՀԱԿ-ի հետ, և մենք լիբերալ ուժերի մեր ցուցակում նշել ենք նաև Հայ ազգային կոնգրեսին: Այսինքն, դրանք էն ուժերն են, որոնց հետ մենք կարող ենք համագործակցել, նաև՝ ընտրություններին մասնակցելու հարցով»,- ասաց Մարուքյանը:

Շաբաթ օրը քաղաքական խորհրդի նիստ անցկացրած «Ժառանգությունը» ևս չի բացառում միավորման հնարավորությունը: Պարզապես, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առայժմ չի պատկերացնում, թե ինչպես պետք է համախմբվեն։ «Բայց միանշանակ՝ եթե տեղի է ունենալու միավորում, ապա դա պետք է լինի հստակ քաղաքական օրակարգի շուրջ: Այն պետք է ներառի բոլոր այն խնդիրները, որոնք լուծում չեն ստացել այս 25 տարիների ընթացքում: Եթե ուղղակի հայտարարվի, որ մենք միանում ենք, որպեսզի տապալենք Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը, ապա չեմ կարծում, որ դա լինելու է արդյունավետ»,- ասաց Փոստանջյանը:

Միայն հանրապետականին իշխանությունից հեռացնելը չի կարող լինել համախմբման առանցքը, կարծում է Փոստանջյանը։ Մինչ ընդդիմադիրները միմյանց շարքերում գործընկերներ են փնտրում, իշխող կուսակցությունում վստահ են՝ միավորումը գրեթե անիրագործելի ծրագիր է։ Ազգային ժողովի նախկին նախագահ, հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանն այս հարցով կիսում է կուսակիցների՝ ավելի վաղ արտահայտած տեսակետը։ «Եվ մարտավարական առումով, և միջանձնային հարաբերությունների առումով, բազմաթիվ այլ առումներով չեմ կարծում, որ ընդդիմությունը կարող է միավորվել: Հնարավոր է՝ որոշակի միավորումներ լինեն, բայց գլոբալ առումով չեմ կարծում, որ ընդդիմությունը միասնաբար հանդես կգա»,-«Ազատությանն»,- ասաց Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG