Հոբելյանը հանդիսավորությամբ կնշվի այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում:
Երևանցիների և ոչ միայն երևանցիների կողմից սիրված այս թատրոնը ստեղծվել է 1941 թվականի պատերազամական օրերին՝ մի խումբ անվանի արվեստագետների նախաձեռնությամբ:
Թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց․ - «Ինձ ի՞նչն է զարմացնում էս հայ ժողովուրդ կոչվածի մեջ: Ապշելու հոգևորի ժողովուրդ․․․ ապշելու: Պատերազմ․․․ իսկ էստեղ կառավարությունը որոշում է թատրոն բացել: Հիմա թատերական, ընդհանրապես մշակութային կյանքն ապշեցուցիչ է՝ էսքան փառատոններ, էսքան պրեմիերաներ, էսքան քննարկումներ, ինչ ասես: Բոլորովին նոր թատրոն ա կառուցվում Գավառում: Տարիներ որ անցնի, էդ մարդիկ պիտի ասեն՝ դե որ պատերազմը դռանն էր, ուզածդ ժամանակ կարող էր թակել, սրանք էս ինչե՜ր են արել, էս ի՜նչ թատրոնի շենք են կառուցել․․․ Ինձ էս զուգահեռն ա շատ զարմացնում»:
Երվանդ Ղազանչյանը թատրոնը ղեկավարում է 20 տարի, և, իր խոսքով, այս տարիների ընթացքում սերունդ է փոխվել, երիտասարդների նոր սերունդ է եկել, որոնց հանգիստ կարող են վստահել թատրոնի վաղվա օրը:
Խաղացանկում այսօր ավելի քան 22 ներկայացում ունեն, իսկ այն ժամանակ՝ 1941-ի հեռավոր աշնանը, թատրոնն իր հանդիսատեսին առաջին անգամ ներկայացել է «Թագավորը զվարճանում է» օպերետային բեմադրությամբ: Ի դեպ, թատրոնը հենց այդպես էլ կոչվել է՝ Օպերատայի թատրոն, միայն 1966 թվականից է կրում ներկայիս անունը:
Երվանդ Ղազանչյանի խոսքով, թատրոնը մշտապես ունեցել է հրաշալի դերասանների իր փաղանգը, բայց իր «ոսկեդարը» սկսել է 1950-ականների վերջից, երբ գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր է նշանակվել Վարդան Աճեմյանը, ում օրոք թատրոնում հիմնականում հայ հեղինակներ են բեմադրվել:
Ղազանչյանը շեշտում էր, որ իրենք էլ փորձում են պահպանել այդ ավանդույթը․ - «Մոտ 75 տոկոսը հայ դասական և ժամանակակից պիեսներն են: Առանց հայ դասական և ժամանակակից դրամատուրգիայի ազգային թատրոն ո՞նց կարող ա լինել»:
Ղազանչյանը բոլորովին համամիտ չէ տարածված այն տեսակետին, թե ժողովրդի համար է, որ ստեղծվում են ցածրաճաշակ ներկայացումներ, ֆիլմեր, հաղորդումներ․ - «Երբեք չի կարելի գոտկատեղից ներքև արվեստ ներկայացնել և ասել՝ ժողովուրդը դա է ուզում: Ժողովրդին եթե ներկայացնես բարձր արվեստ, ժողովուրդը սիրով կընդունի: Ժողովրդի վրա պետք չի շառը գցել, թե՝ ժողովուրդը սա է ուզում: Ժողովուրդը դա չի ուզում, մանավանդ ձեր հումորը, սիրելիներս, չի ուզում: Հարգելի երգիչ-երգչուհիներ, որոնց 80 տոկոսը կարող էին չերգել և հայ երգը չէր տուժի, դա չի ուզում ժողովուրդը»: