Մատչելիության հղումներ

Բրիջիթ Բրինք․ ԱՄՆ-ը շարունակելու է ջանքերը ղարաբաղյան համակարտության կարգավորմանն աջակցելու ուղղությամբ


Բրիջիթ Բրինքին երեկ ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Բրիջիթ Բրինքին երեկ ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը այսօր հայտարարեց, որ պաշտոնական Վաշինգտոնը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո էլ շարունակելու է ջանքերը Ղարաբաղյան համակարտության կարգավորմանն աջակցելու ուղղությամբ:

«Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու ուղղությամբ: Մենք դա շարունակել ենք նաև այն ժամանակ, երբ հարաբերությունները Ռուսաստանի հետ դարձել են առավել բարդ, և ես հույս ունեմ, որ մենք շարունակելու ենք աջակցությունն անկախ ամեն ինչից», - ասաց նա:

Այդուհանդերձ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենք այժմ անցումային շրջանում են, և նախագահական նոր վարչակազմի քաղաքականության մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ․ - «Մեզ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստ լինենք այս հարցերին: Երբ նոր նախագահն ու նոր վարչակազմն անցնեն աշխատանքի, մենք պատրաստ կլինենք առավել մանրամասն խոսել: Բայց կարող եմ ասել, որ ես աշխատել եմ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական վարչակազմերի հետ և ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելուն ուղղված աջակցությունը ԵԱՀԿ Մինսին խմբի շրջանակներում եղել է նույնը»:

Նրա խոսքով, ստատուս քվոն Ղարաբաղյան հարցում կայուն չէ, և դրա ապացույցն է ապրիլյան պատերազմը, ուստի պետք է քայլեր ձեռնարկել վերջնական համաձայնության ուղղությամբ: Նահանգների արտաքին գերատեսչության ներկայացուցիչը նաև փոխանցեց, որ հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ընդդիմության և քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ, իսկ Երևանից պատրաստվում է ուղևորվել Թբիլիսի և Բաքու:

«Հայաստանն այս տարի տոնում է անկախության 25-ամյակը, և իմ հանդիպումներում ես ընդգծել եմ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն անկախության ամրապնդման ուղղությամբ՝ ներառյալ հակակոռուպցիոն ջանքերը և բարեփոխումները, որ նպաստում են դատական համակարգի անկախությանը: Այս երկուսը դարձնում են Հայաստանն ավելի գրավիչ վայր օտարերկրյա ներդրումների համար, այդ թվում և Միացյալ Նահանգներից», - նշեց նա:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նաև ասաց, որ հայաստանյան հանդիպումներում քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու դրանց թափանցիկ անցկացման կարևորությունը․ - «Ոչ միայն կարևոր է, որ հայաստանցիները տեսնեն, որ իրենց ձայնը լսելի է դարձել, այլ նաև ես հավատում եմ, որ թափանցիկ, ազատ և արդար ընտրությունները՝ նախընտրական շրջանը ներառյալ, կլինեն հզոր և դրական ազդակ առ այն, որ Հայաստանը ամուր կապված է ժողովրդավարությանը, ինչպես այժմ ԱՄՆ-ում է իշխանափոխություն տեղի ունենում»:

Արդյո՞ք Դոնալդ Թրամփը, իր նախընտրական խոստմանը համաձայն, չի կենտրոնանալու առավելապես Նահանգների ներքին խնդիրների վրա, ինչի արդյունքում կթուլանա ԱՄՆ դերակատարումն արտաքին քաղաքականության մեջ: Այս հարցին ԱՄՆ հեռացող նախագահ Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը պատասխանեց, որ, ըստ իր փորձի, հնարավոր չէ լուծել ներքին խնդիրներն արտաքին մարտահրավերներից առանձին, քանի որ դրանք հաճախ փոխկապակցված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG