Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Պորոշենկոն ցանկանում է ինձ զրկել ուկրաինական քաղաքացիությունից»


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղադրած գրառմամբ պնդում է, թե Պյոտր Պորոշենկոն ցանկանում է իրեն զրկել ուկրաինական քաղաքացիությունից:

«Քաջատեղյակ աղբյուրն ինձ տեղեկացրել է, որ նախագահ Պորոշենկոն հանձնարարել է զբաղվել դատական կարգով ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու հարցով: Այս խնդրով զբաղվում են պատգամավոր Իգոր Կոնոնենկոն և նրա հանցակից Գրանովսկին, ով Պորոշենկոյի վարչակազմի կոռուպցիոն բուրգում դատական գործերի ոչ-պաշտոնական համակարգողն է համարվում», - գրում է Սաակաշվիլին` միաժամանակ պնդելով, թե միջազգային և ուկրաինական օրենսդրությունը արգելում են քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր այլ պետության անձնագիր չունեն:

Հիշեցնեմ, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաիանայի քաղաքացի դարձավ 2015-ի մայիսին` Օդեսայի նահանգապետ նշանակվելուց մեկ օր առաջ: Ուկրաինական անձնագիրը նրան հանձնեց անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Ես հրամանագիր եմ ստորագրել, որով Միխեիլ Սաակաշվիլին շնորհում եմ Ուկրաինայի քաղաքացու պատվավոր կոչումը», - մեկուկես տարի առաջ հայտարարում էր Պորոշենկոն:

Դրանից մի քանի ամիս անց Վրաստանի իշխանությունները նախկին նախագահին զրկեցին վրացական քաղաքացիությունից` առաջնորդվելով վրացական օրենսդրության պահանջներով: Դրանց համաձայն, այլ երկրի անձնագիր ստացող Վրաստանի քաղաքացին մեխանիկորեն զրկվում է քաղաքացիությունից: Սաակաշվիլիի շուրջ իրադրությունը բարդանում է նաև այն պատճառով, որ վրաց իրավապհները պահանջում են, որպեսզի ուկրաինական իշխանությունները արտահանձնեն նրան, քանի որ նրա դեմ հայրենիքում մի շարք քրեական մեղադրանքներ են առաջադրված:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի խորհրդարանում արդեն իսկ Սաակաշվիլիի արտահանձնման կողմնակիցներ են ի հայտ են եկել: Պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը, օրինակ, նշել է․ - «Սաակաշվիլին Վրաստանում կարողացել է իրավապահ համակարգ ստեղծել: Այսօր էլ այն շատ արդյունավետ է աշխատում և մեղադրում է նրան սպանությունների և կտտանքների մեջ: Սաակաշվիլին պետք է ապացուցի, որ իրոք արդյունավետ իրավապահ համակարգ է ստեղծել: Նրան պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից, ինչից հետո Սաակաշվիլին կմեկնի Վրաստան, կապացուցի իր անմեղությունը, ապա կրկին կվերադառնա»:

Գերագույն Ռադայի մեկ այլ ներկայացուցիչ` Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն, լրագորղների հետ զրույցում այսօր պնդել է, թե Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն է տրամադրվել ազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ․ - «Գործող օրենսդրության համաձայն, ուկրաինական քաղաքացիություն չի կարող շնորհվել այն անձանց, ովքեր միջազգային հետախուզամն մեջ են գտնվում»:

Ինքը Սաակաշվիլին համոզված է, որր իրեն փորձում են զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից՝ իր հետագա քաղաքական ծրագրերը խափանելու նպատակով:

«Ամեն ինչ պարզից էլ պարզ է․ այսօր Պորոշենկոյի և Ուկրաինայի քաղաքական դասի համար գլխավոր խնդիրը ես եմ», - հայտարարում է Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG