Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր չշրջանցվեց զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնելու համար քաղաքացիներից 1000 դրամ պարտադրաբար հավաքելու հարցը: Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով կառավարությանը, շեշտեց, թե զինծառայողներին աջակցելու արդեն իսկ մատնանշված բազմաթիվ աղբյուրներից բացի կա ևս մեկը: Խոսքն, ըստ Զուրաբյանի, կառավարությանը կից գործող «Տեղեկատվության և վերլուծության» ՊՈԱԿ-ի մասին է, որն ըստ մամուլի հրապարակումների միլիոնավոր դրամներ է ծախսում սոցիալական ցանցերում կատարված հրապարկումների համար:
«ՊՈԱԿ-ը ստանում է 191 միլիոն դրամի գումար բյուջեից, և այդ հրապարակումից պարզվում է, որ այդ գումարից 82 միլիոն դրամը օգտագործվում է հետևյալ նպատակով, որ կատարվում են սոցիալական ցանցերում հրապարակումներ՝ այդպիսի 5,480 հրապարակում է եղել, ամեն մեկի համար վճարվում է 15,100 դրամ: Ընդհանրապես, առանց այս մամուլի հրապարակման էլ մենք ունեցել ենք տեղեկություններ, որ տարիներ շարունակ գործել է նման մի համակարգ, իշխանությունը պահել է պրոպագանդիստների մի մեծ բանակ, որոնց գլխավոր գործը եղել է սոցիալական ցանցերում իշխանության պրոպագանդան տանելը, տարբեր տեսակի ինֆորմացիոն և դեզինֆորմացիոն օպերացիաների իրականացումը, ընդդիմության վարկաբեկումը», - նշեց Զուրաբյանը՝ հարցնելով․ - «Կառավարությունը կարո՞ղ է արդյոք տրամադրել մեր հանրությանը, կոնկրետ ինձ, բոլոր այն անձանց տվյալները, ովքեր ստացել են գումարներ այդ հրապարակումները սոցիալական ցանցերում իրականացնելու համար»:
Զուրաբյանը շեշտեց՝ բացի այն, որ այս գումարները կարելի է ուղղել զինծառայողներին աջակցելու համար, նաև անթույլատրելի է հանրային միջոցների հաշվին իշխող ուժի քարոզչությունն իրականցնելը:
Հարցին պատասխանող կառավարության աշխատակազմի ղեկավար - նախարար Դավիթ Հարությունյանը հակադարձեց՝ տվյալ ՊՈԱԿ-ը քարոզչությամբ չի զբաղվում: - «Կառավարության ծրագրի, կառավարության կատարած քայլերի վերաբերյալ աշխատանք տարվում է, և դա շատ բնական է, որովհետև բնակչությունը պետք է իրազեկված լինի, թե ինչ քայլեր է կատարում այն կառավարությունը, որը այդ պահին գործում է երկրում», - նշեց նախարարը:
«Ես հասկանում եմ, որ հիմա կենթարկվեմ հարձակումների այդ բանակի կողմից, որ գտնվում է իշխանության այդ աշխատավարձի վրա, բայց պրոբլեմ չեմ տեսնում դրա մեջ, որովհետև դա յուրահատուկ լյուստրացիա կլինի, շատ էլ գոհ եմ, որ նման բան կատարվի», - իր հերթին ասաց Լևոն Զուրաբյանը, ինչին Դավիթ Հարությունյանը պատասխանեց․ - «Ինչ-որ մեկը պատրաստվում է Ձեզ հարձակվել և ոչնչացնե՞լ: Ես ասեմ՝ եթե ինչ-որ մեկը անգամ նման դավադրություն փորձեր Ձեր դեմ կազմակերպել, պարոն Զուրաբյան, նա սխալ կաներ, որովհետև սա կլիներ Ձեր համար եզակի առիթ վերջապես հայտնվելու հանրային տիրույթում: Ես կարծում եմ այդ բավականությունը, եթե Ձեզ որևէ մեկը փորձի պարգևել, ապա դա միանշանակ պետք է լինեն Ձեր թիմակիցները, որոնք հետաքրքրված են Ձեր հանրային ռեյտինգը բարձրացնելով»:
Նախարարը խոստացավ այցելել բանտում հայտնված նախկին զինծառայողին
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ բարձրացրեց բանակում առաջին կարգի հաշմանդամություն ձեռքբերած նախկին զինծառայողի հարցը, ով 2015 թվականից հայտնվել է բանտում: Նշենք, որ «Հետքը» օրերս անդրադարձել էր այս երիտասարդի խնդրին, գրելով, որ ըստ զինծառայողի ծնողների, Պաշտպանության նախարարությունը չի կատարել իր խոստումը, և տղային չի ուղարկել բուժման Գերմանիա: Հուսահատությունից, նա իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել էր, թե ռումբ կա Բաղրամյան 26-ում: Փոստանջյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ առաջին կարգի հաշմանդամը չի կարողանում օգտվել վաղաժամկետ պայմանական ազատ արձակվելու իր իրավունքից․ - «Մի քանի անգամ տարբեր պետական կառույցների վերաբերյալ նա ահազանգել է, վերջինը եղել է Բաղրամյան 26-ը, և դրանից հետո որոշել են քրեական հետապնդում իրականացնել: Բայց այս դահլիճում նույնիսկ մարդիկ կան, ովքեր ուղղակի ֆիզիկական բռնության կոչեր են անում տարբեր առիթներով, և փաստացի այդ մարդկանց ոչ ոք չի հարցաքննում և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացնում, մինչդեռ նրանք ավելի վտանգավոր են, քան առաջին կարգի հաշմանդամը»:
Հարցին պատասխանող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, թե պատիժը համապատասխանում է կատարված հանցագործությանը, սակայն խոստացավ, ամեն դեպքում, այցելել նրան:
«Էժան գազ կարող է ստանանք, բայց քթներիցս դուրս գա»
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ բարձրացրեց, իր իսկ բնորոշմամբ, գազի սակագնի հարցը: Մանուկյան շեշտեց՝ «Գազպրոմ Արմենիան» անցած ֆինանսական տարին փակել է 11 միլիարդ դրամ վնասով և հունվարից գազի սակագնի իջեցման արդյունքում այդ պարտքը կհասնի 14 միլիարդի՝ կազմելով մոտ 30 միլիոն դոլար: ՀԱԿ խմբակցության քարտուղարը մտահոգություն հնչեցրեց՝ հնարավոր է հետո այս հսկայական պարտքը, նախորդ դեպքերի նման, կրկին Հայաստանի քաղաքացու վրա դրվի․ - «Էժան գազ կարող է ստանանք, բայց քթներիցս դուրս գա, երկրի սեփականության հաշվին լինի դա»:
Հարցին պատասխանող էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը վստահեցրեց՝ «Գազպրոմի» վնասները չեն կարող դիտվել որպես Հայաստանի պարտք․ - «Փակ բաժնետիրական ընկերության վնասը չի կարող համարվել պետական պարտք, այնպես որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից կրվելիք վնասը երբևէ չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության պետական պարտք»: