Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն անդամակցելու է ՀՀԿ-ին


Երեկ երեկոյան Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է համալրել իշխող Հանրապետական կուսակցության շարքերը և առաջիկա օրերին դիմելու է ՀՀԿ-ին նման խնդրանքով:

«Հաշվի առնելով այն փոփոխությունները, որ այսօր տեղի են ունեցել մեր Սահմանադրության մեջ՝ կարծում եմ, որ քաղաքական դաշտում այլևս անհնար պետք է լինի անկուսակցական արդյունավետ աշխատանքը: Ի վերջո, մենք մտնում ենք մի փուլ, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պետք է կրեն հիմնական պատասխանատվությունը և հիմնական դերակատարումը ունենան: Հետևաբար ես իմ համար այդ որոշումը կայացրել եմ և առաջիկա օրերին, դուք առաջինն եք, ում ես դրա մասին հայտնում եմ, ես դիմելու եմ Հանրապետական կուսակցություն՝ ինձ ընդունելու խնդրանքով», - լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը երեկ հայտարարեց Պաշտպանության նախարարը:

Լրագրողների հետ հանդիպման առիթը Պաշտպանության նախարարության վիճահարույց նախագիծն էր, որով նախատեսվում է պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ գանձել:

Նախարարը հայտարարեց՝ այո՛, հնարավոր էր այդ միջոցները վերցնել բյուջեից և հավելյալ գումար չգանձել, բայց դա արդյունավետ չէր լինի․ - «Ես շատ լուրջ մտահոգվեցի այս օրերին, երբ որ փորձեցին ասել, որ ահա, այսքան տարի ոչինչ չարեցին, հիմա մարդկանց գրպանն են մտնում, որպեսզի լուծեն մի խնդիր, որը շուտվանից պարտավոր էր պետությունը լուծել: Հիմա ի՞նչ, որ չտանք էս փողը, էս օրենքը չընդունենք, չե՞ք վճարելու սոցիալական նպաստ: Իհարկե վճարելու եք: Ավելին՝ փորձելու ենք էլի բաներ անենք, որ մի քիչ էլ ավելացնենք էդ սոցնպաստը: Բայց դա համադրելի չի լինելու նրա հետ, ինչ որ լուծում է այս օրենքը: Նախ՝ չափի առումով, երկրորդը՝ ընդգծված յուրաքանչյուրի մասնակցության առումով: Արդա՞ր է արդյոք, որ գումարը միասնական է բոլորի համար: Այո, դա էս հարկատեսակի շատ կարևոր բաղադրիչ մասն է։ Ոորվհետև մենք սրանով ցույց ենք տալիս, որ անկախ նրանից, հարուստ ենք թե չքավոր, կարող ենք թե անկարող, անհեստավարժ ենք թե բանվորական աշխատանք կատարող, յուրաքանչյուրս ունենք հավասար պարտավորվածություն, որպես քաղաքացի, այն ընտանիքների նկատմամբ, ովքեր պաշտպանության գործում զոհաբերել են ամենաթարկը»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք արդար չէր լինի, որ օլիգարխներն ու ապօրինի հարստացած անձինք պարտավորված լինեին առավել մեծ չափով վճարում կատարել, նախարարն ասաց․ - «Երբ որ մենք ակնկալում ենք և ընդունում ենք կաշառակերի նվիրաբերությունը, կամ մարդու նվիրաբերությունը, որի եկամտի աղբյուրը մեր համար ակնհայտորեն ապօրինի է, մենք լեգիտիմացնում ենք իր ապօրինի հարստացումը»:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ասաց, որ բանակում կոռուպցիայով զբաղվողների ձեռքը կտրելը լավագույն լուծումը չէ․ առավել կարևոր է ստեղծել մի համակարգ, որում չի լինի գողանալու հնարավորություն․ - «Առաջին գայթակղությունը ձեռքից բռնելն ու ձեռք կտրելն է: Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի նկատմամբ որևէ զսպվածություն կամ կաշկանդվածություն կամ վերապահում չունեմ: Բայց այդ ասած լինելով հանդերձ՝ ես պետք է ձեզ ասեմ, որ ես չեմ հավատում ձեռք բռնելու և ձեռք կտրելու արդյունավետությանը՝ որպես կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհ: Դա կարող է լինել աչք վախեցնելու, զսպվածություն ապահովելու, կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու, կամ կոռուպցիան ավելի խորամանկ դարձնելու և ավելի թաքցնելու միտմանը: Բայց ես խորը համոզմունք ունեմ, որ կոռուպցիան քաղցկեղ է: Իմ խորին համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է, երբ դու ստեղծում ես համակարգեր, որոնք բացառում են գայթակղությունը»:

Սարգսյանը նաև հայտարարեց, որ բանակում սպասվում են զգալի փոփոխություններ․ ինչպես մեծ զորամասերում «Թումոյի» նման զարգացման կենտրոններ բացելու հարցում, այնպես էլ սննդի, զինվորական կոշիկի և հագուստի որակի բարձրացման առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG