Մատչելիության հղումներ

Գյումրիում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի համերգ-երեկոն


Համերգ-երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Գյումրիի Սև Բերդ կոչվող ամրոցում՝ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի և Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի մի շարք մենակատարների մասնակցությամբ:

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հրավիրված ասուլիսին թե՛ Տիգրան Մանսուրյանը, թե՛ Հասմիկ Պապյանն ու Ռոբերտ Մլքեյանը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, մեծ սիրով էին խոսում Գյումրիի և գյումրեցիների մասին՝ հատուկ ընդգծելով իրենցից յուրաքանչյուրի առանձնահատուկ կապը Գյումրիի հետ:

Մաեստրո Տիգան Մանսուրյանի խոսքով, գյումրեցիների հետ իր հոգեհարազատությունն ու Գյումրու հետ կապված հուշերը ուղեկցել են իրեն ողջ կյանքում․ - «Այս ամբողջը մի տեսակ առավել հուզիչ, առավել պատասխանատու է դարձնում ինձ համար այս համերգը»:

Ի թիվս Տիգրան Մանսուրյանի այլ ստեղծագործությունների, այս համերգ-երեկոյի ընթացքում հնչելու է նաև մաեստրոյի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմը», որն արդեն հնչել է եվրոպական մի շարք երկրներում:

Հասմիկ Պապյանը կկատարի Մանսուրյանի ծավալուն գործերից մեկը, որը կոչվում է «Զուգահեռ երգեր»։

«Մայրս գյումրեցի է, և իմ մանկությունը անցել է Գյումրիում: Ես ունեմ շատ մեծ նախևառաջ հոգևոր կապ այդ քաղաքի հետ և այդ քաղաքի բնակիչների հետ: Ես շատ առիթներ չեմ ունեցել այնտեղ երգելու և կարծում եմ, որ ինձ համար սա շատ դժվարին մի քննություն պետք է լինի», - ասաց Հասմիկ Պապյանը:

Իսկ Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ ոչ միայն ծնողներն են գյումրեցի, այլև ինքը այնտեղ երկար տարիներ աշխատել է Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ և մինչև հիմա էլ ղեկավարում է «Տիրամայր Հայաստանի» 12-24 տարեկան աղջիկների երգչախումբը․ - «Ես լուրջ, մեծ ստեղծագործական կյանք ապրեցի Գյումրիում, ու հիմա էլ շարունակվում է կապը»:

Հասմիկ Պապյանը նաև ասաց․ - «Ես երկու տարի առաջ երգեցի Գյումրիում Վլադիմիր Սպիվակովի հետ, և պետք է ասեմ, որ Գյումրիով պետք է անցնել․․․ զտվելու ճանապարհն է դա: Եվ նրանց հարկավոր է այդ հոգևոր երաժշտությունը մատուցել, հետո տեղափոխել հանրապետության մյուս քաղաքները, որովհետև մեր առաջին օպերան 1912 թվականին՝ «Անուշ» օպերայի առաջնախաղը եղել է Գյումրիում․․․ Միգուցե սա երազանք կարող է թվալ, բայց ես կարծում եմ, որ Գյումրիին հարկավոր է նաև օպերային թատրոն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG