Մատչելիության հղումներ

Կրեմլ. Պուտինը և Թրամփը շարունակելու են շփումները


Դոնալդ Թրամփը, արխիվ, 24 օգոստոսի, Տամպա, Ֆլորիդա, 2016թ.
Դոնալդ Թրամփը, արխիվ, 24 օգոստոսի, Տամպա, Ֆլորիդա, 2016թ.

Թրամփի ռուսամետության մեջ համոզված մարդիկ կարող են սխալվել:

Երեկ երեկոյան տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հեռախոսազրույցը:

Կրեմլի փոխանցմամբ, զրուցակիցները կարևորել են երկու գերտերությունների ներկայիս բարդ հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը:

Պուտինը Թրամփին շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ ընտրվելու առիթով և մաղթել է կատարել նախընտրական ծրագիրը:

Թրամփը, իր հերթին, ասել է Պուտինին, թե կցանկանար, որ Ամերիկան և Ռուսաստանն ամուր կապեր հաստատեն: ТАСС ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահը և գալիք տարվա հունվարի 20-ին Ամերիկայի նախագահի պաշտոնը ստանձնող Թրամփը պայմանավորվել են շարունակել շփումները և մտադիր են տեսանելի ապագայում նաև հանդիպել:

«2017 թվականին լրանալու է Ռուսաստանի և Ամերիկայի միջև դիվանագիտական կապերի հաստատման 210-ն ամյակը, դա ինքնին արդեն պետք է դրդի երկու երկրներին վերադառնալ գործնական, փոխշահավետ համագործակցությանն, ինչը բխելու է երկու պետությունների շահերից և նպաստելու է աշխարհի կայութնությանն ու անվտանգությանը»,- ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով, Պուտինն ասել է, թե պատրաստ է ամերիկյան նոր վարչակազմի հետ հաստատել գործընկերային երկխոսություն, որը պետք է հիմնվի իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա:

Պուտինը և Թրամփն ընդգծել են, որ երկու երկրների ներկայիս հարաբերությունները բացարձակ անբավարար վիճակում են և համաձայնել են, որ համագործակցության ամուր հիմքի ստեղծմանը կնպաստի առևտրատնտեսական բաղադրիչը:

Միաժամանակ Դոնալդ Թրամփը սկսում է ձևավորել իր ապագա թիմը: Թրամփի մերձավոր խորհրդականները նկատել են տվել, որ Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը՝ Պետական դեպարտամենտը կարող է գլխավորել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին:

Թրամփը Breitbart News քաղաքական-վերլուծական լրատվական կայքի գործադիր տնօրեն, գործարար Սթիվեն Բեննոնին նշանակել է Սպիտակ տան ռազմավարության պատասխանատու, իսկ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավար Ռինս Փրիբուսին՝ աշխատակազմի ղեկավար:

Foreign Policy հանդեսի հետ զրույցում Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դեյվիդ Նունյեսն ասել է, թե ընտրված նախագահին խորհուրդ կտա զգույշ լինել Ռուսաստանի ղեկավարի հետ հարաբերություններում:

Ըստ Foreign Policy-ի, հանրապետական կոնգրեսականը միաժամանակ ասել է, որ Թրամփին անարդարացիորեն են մեղադրում ռուսամետության համար․ իրականում նա շատ վճռական է լինելու Մոսկվայի նկատմամբ:

«Անվանեք լոկ մեկ պետքարտուղարի կամ նախագահի, ով անցած 15 տարիների ընթացքում չի հայտարարել, թե ուզում է համագործակցել ռուսների հետ», - ասել է Նունյեսը և ավելացրել. - «Կարծում եմ, նա շատ ավելի կոշտ կլինի, քան կլիներ Հիլարի Քլինթոնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG