Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի աջ-պահպանողական յոթ թեկնածուները միանման պատասխաններ են տվել հայ համայնքին հուզող հարցերին


Հանրապետական (Les Republicains) կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի
Հանրապետական (Les Republicains) կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզի

Nouvelles d'Armеnie պարբերականը Ֆրանսիայի հայ համայնքի խնդիրների հետ կապված մի շարք հարցերով դիմել է 2017-ի գարնանը անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ աջ-պահպանողական Հանրապետական (Les Republicains) կուսակցության յոթ ներկայացուցիչների, ովքեր ցանկություն են հայտնել առաջադրվել նախագահական ընտրություններում։

Նրանց թվում են Ֆրանսիայի նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին և նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ինչպես նաև նախագահ Ժակ-Շիրակի օրոք վարչապետ, իսկ ավելի վաղ՝ արտգործնախարար Ալեն Ժյուպեի անունները։ Նոյեմբերի 20-ին և 27-ին այդ թեկնածուների միջև տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքում կպարզվի Հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն նախագահական ընտրություններում։

Հայկական պարբերականի հարցերից մեկը վերաբերում է ապրիլի 24-ը պաշտոնապես որպես ազգային հիշատակի օր ընդունելուն, մյուսը՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ հայ համայնքի տարած պայքարին Ֆրանսիայի իշխանությունների հնարավոր աջակցությանը։ Այս երկու հարցերի շուրջ բոլոր թեկնածուները դրական պատասխաններ են տվել, ինչպես նաև հանձն են առել Փարիզում հայկական հիշողության և քաղաքակրթության կենտրոն հիմնադրել։

Հանրապետական կուսակցության թեկնածուները միևնույն տեսակետն են արտահայտել նաև Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը մերժելու հարցում։

Nouvelles d'Armеnie պարբերականի առաջադրած հարցերից մեկը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին։ Այս հարցում թեկնածուները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունները և նշել Ֆրանսիայի դերը այդ բանակցություններում։

«Սա դյուրին խնդիր չէ, բայց մենք դրանից հրաժարվելու իրավունք չունենք», - մասնավորապես, ասել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG