Արմավիրի հիվանդանոցում անցած տարի երկու մանկահասակ երեխաների մահվան համար մեղադրվող բժիշկ Անահիտ Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց՝ իրեն մեղավոր չի ճանաչում և պնդեց, որ ժամանակին ու ճիշտ բուժօգնություն է ցուցաբերել փոքրիկներին:
Դատավորի հարցին, թե այդ դեպքում ինչու՞ գրեթե նույն գանգատներով ու իրենց ոտքով հիվանդանոց մտած փոքրիկներն օրեր անց մահացան, բժշկուհին ասաց՝ «գուցե օ՞րն էր չարաբաստիկ»:
«Օբյեկտիվ պատճառներից մեկը դա տոքսիկ շոկն էր, որով հանգուցյալը տառապել էր կենդանության օրոք», - հավելեց նա:
Դատավոր Տիգրան Սահակյանը երկրորդ հարցն ուղղեց՝ այդ երեխաների ճակատներին գրվա՞ծ էր, որ պետք է մահանային: Բժշկի պատասխանը՝ «ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել», զայրացրեց դատարանի դահլիճում գտնվող Լուսինե Ամիրխանյանին, ով մահացած 5 ամյա Էրիկի մայրն է:
«Քսան օրվա մեջ երկու երեխան՝ դա հանցագործություն չի՞, ինֆեկցիոն երեխուն վարունգ էր տալիս․․․ բեսամթ բժիշկ ես, մարդասպան», - ասաց Ամիրխանյանը:
Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանը վստահ է՝ իր ղեկավարած բաժանմունքում կյանքից զրկված 4-ամյա Կարինե Սիմոնյանի մահան պատճառն ինֆեկցիոն տոքսիկ շոկն է, ինչը զարգացել է կայծակնային արագությամբ։ Իսկ 5-ամյա Էրիկ Ամիրխանյանն, ըստ բժշկուհու, մահացել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Մահվան հանգամանքները պարզելու համար բժիշկն ու իր փաստաբանը Վերաքննիչ դատարանից պահանջեցին նիստին հրավիրել նաև այդ հիվանդանոցի բժիշկներին, և ընդգծեցին՝ արդեն բժշկական կենտրոնում երեխայի գլխում այտուցներ են առաջացել ու զարգացել:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին՝ երեխան իրենց մոտ է ընդունվել արդեն անգիտակից վիճակում:
Մեղադրող կողմը, հղում անելով մահվան պատճառներն ուսումնասիրած փորձագիտական հանձնաժողովին, պնդում է՝ Անահիտ Պետրոսյանը ժամանակին չի հոսպիտալացրել երեխաներին, ճիշտ ու պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերել և ճիշտ ժամանակին չի տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Մեղադրող կողմը կարծում է, որ Արմավիրի առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժ է սահմանել բժշկուհու նկատմամբ և Վերաքննիչից պահանջում է 3 տարվա ազատազրկումը դարձնել 5, իսկ բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել ոչ թե 1, այլ 3 տարի ժամկետով:
«Շատ մեղմ պատիժ է իր նկատմամբ կիրառել՝ 3 տարի ազատազրկման ձևով պատիժ նշանակելը: Փաստաբանը նշում է, որ ինքը այնուամենայնիվ, անմեղ է, բայց եթե հանկարծ դատարանը կհանգի եզրակացության, որ մեղավոր է՝ պայմանական կիրառել: Դա անթույլատրելի է ու նմանատիպ քայլ իրականացնելը բոլոր իրավական ու բարոյական նորմերից դուրս կլինի», - ասում է մեղադրող կողմի փաստաբան Անի Չատինյանը:
Անահիտ Պետրոսյանը վրդովվեց՝ նախորդ նիստերից մեկում, դատարանում իր օգտին ելույթ ունեցած ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի կարծիքը գործին կցված չէ, սրանում բժշկուհին ու նրա փաստաբանը միտում են տեսնում: Բացի այդ, Պետրոսյանը չի ընդունում նաև փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 23-ին: