Մատչելիության հղումներ

Ավտոապահովագրման բարեփոխումները որոշ վարորդների համար «ամենևին էլ բարեփոխումներ չեն»


Ավտոապահովագրողների բյորոյի ղեկավար Վահան Ավետիսյանի կարծիքով, բարեփոխումները վարորդների համար ամենևին էլ բարեփոխում չեն։

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները նոր պայմաններ են առաջարկում մեքենաների ապահովագրության գործընթացում։ Մասնավորապես, սահմանվել է նույն մեքենան վարելու իրավունք ունեցող վարորդների անսահմանափակ քանակ, և վթարների դեպքում պատասխանատվությունը կրում է ոչ թե այդ պահին վարողը, այլ՝ մեքենայի սեփականատերը։

«Ես վարում եմ իմ մեքենան, անցած ապահովագրական օրենքներով․․․ ունեի բոնուս 7-8 հազար: Այսօր դեռ 3 հազար էլ ավելացնում եմ, որ անսահմանափակ ապահովագրություն իրականացնեմ իմ մեքենան: Բացի դրանից, բիզնես միջավայրում՝ տաքսի սերվիսներ, ձեռներեցներ, ավտո ներկրողներ, տրամադրելով իրենց մեքենաները այլ քաղաքացիներին, ամբողջ պատասխանատավությունը իրենք են կրում», - վրդովված ասում էր վարորդներից մեկը:

Ավտոապահովագրողների բյուրոյում տարերային քննարկումը տեղի ունեցավ բյուրոյի միջանցքում։ Վահան Ավետիսյանի խոսքով, լրատվամիջոցների ներկայությամբ քննարկում կազմակերպելու համար տեխնիկական հնարավորություն չունեն։ Վարորդները ստիպված էին Ավետիսյանին շրջապատած ներկայացնել իրենց հուզող խնդիրները։

«Ազատության» հարցին, թե կարող են վարորդներն իրենք ընտրել ապահովագրության տարբերակը՝ անսահմանափակ վարորդներով կամ որպես իրենց սեփականություն, Ավետիսյանը պատասխանեց․ - «Խնդիրը նա է, որ այս համակարգից իրականում դժգոհ են միայն տաքսի ծառայությունները․․․ իրենց համար ա բարձրացել: Բայց այդ դեպքում մեր հանրության 90 տոկոսի համար դրական փոփոխություն է»:

Գժգոհ վարորդները հակադարձում են, թե օրինապահ տաքսու վարորդները ևս հայտնվել են ռիսկային գոտում ու ստիպված են ավելի վճարել, ինչը, նրանց կարծիքով, անարդար է:

«Եթե ես սովորական ապահովագրության անեմ, 16 հազար 500 դրամ ա եռամսյակը: Տաքսունը՝ 31 հազար 500 դրամ ա», - հարցրեց վարորդներից մեկը:

Ավետիսյանի պատասխանը․ - «Որովհետև որպես տաքսի շահագործվող մեքենաների ռիսկայնությունը էապես տարբերվում է»:

Քննարկման վերջում վարորդները մեղադրեցին ավտոապահովագրողների բյորոյին, որ որոշումներ կայացնելիս հաշվի չեն առել իրենց կարծիքը։ Բյուրոյի տնօրենն առաջարկեց ներկայացնել պահանջներ ու առաջարկներ:

Սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտած որոշումների փոփոխություն, սակայն, դեռ չի լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG