Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հաշվված ժամեր անց Իրանի իշխանությունները հայտարարում են. - «Նորընտիր նախագահը պետք է զերծ մնա իր նախորդների կողմից ստորագրված համաձայնագրերը վերանայելու փորձերից»:
Ռումինիա կատարած այցի ընթացքում երեկ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հաղթանակն ու դրա հնարավոր ազդեցությունն ամերիկյան արտաքին քաղաքականության վրա:
«Մեր ավանդույթն այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելն է: Ամերիկայի ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, և այս իրավիճակում ամենակարևորը հետևյալն է` նախագահի պաշտոնում ընտրված ցանկացած մարդ պետք է հասկանա աշխարհում ստեղծված իրավիճակը և իր քաղաքականությունը հարմարեցնի ստեղծված իրողություններին», - հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Զարիֆի խոսքերը նախևառաջ վերաբերում էին 2015 թվականին Թեհրանի և միջազգային հանրության առաջատար դերակատարների միջև կնքված համաձայնագրին: Դրանով, հիշեցնենք, Թեհրանը դադարեցնում էր միջուկային տեխնոլոգիաների մշակումը, փոխարենը վերացվում էին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
«Իրանի Իսլամական Հանրապետության համար Միացյալ Նահանգների հետ քաղաքական հարաբերությունների բացակայության պայմաններում ամենակարևոր հարցը արդեն իսկ կնքված համաձայնագրերի հանդեպ հարգալից վերաբերմունքի ցուցաբերումն է: Միացյալ Նահանգների ապագա նախագահը, իշխանությունները պետք է կատարեն իրենց իսկ կառավարության ստանձնած պարտավորությունները: Ասեմ ավելին՝ Իրանի հետ կնքված համաձայնագիրը ոչ թե երկկողմ փաստաթուղթ է, այլ գործողությունների բազմակողմ պլան: Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը ևս Միացյալ Նահանգներից նույն ակնկալիքներն ունի», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը:
Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ծագած այս մտավախությունների գլխավոր պատճառը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի` քարոզարշավի ընթացքում հնչեցրած հակասական հայտարարություններն էին:
Քարոզարշավի մեկնարկին Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը «ամերիկյան դիվանագիտության կողմից երբևիցե մշակված վատթարագույն փաստաթուղթն է»:
Միացյալ Նահանգների հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թրամփը նույնիսկ պնդում էր, որ իր հաղթանակի դեպքում Իրանի հետ միջուկային համաձայնագրի չեղարկումը կդառնա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Հետագայում, սակայն, Թրամփը որոշակիորեն մեղմեց իր քննադատության տոնայնությունը` 2015-ի օգոստոսին խոստովանելով, որ ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված համաձայնագրերի չեղարկումը շատ դժվար գործ է լինելու: