Մատչելիության հղումներ

Հողօգտագործողները պնդում են, թե զրկվում են ապրուստի միակ միջոցից


Էջմածին քաղաքի մերձակայքում 147 հեկտար հողի մշակողները բերքը ստիպված վաղաժամ են հավաքում, որպեսզի նոր սեփականատիրոջ տրակտորներն այն հողին չհավասարացնեն։

Դեռ անցած դարի 90-ականներին հողատարածքը, կառավարության որոշմամբ, հատկացվել է 802 մարդկանց։ 2004-ից հողագործներից հողահարկ ու այլ հարկեր չեն գանձել՝ նշելով, որ տարածքը աճուրդով վաճառվել է։ Սակայն հողագործներին տարածքն ազատելու պահանջ միայն վերջերս է ներկայացվել։

Մարդիկ վրդովված են․ ի՞նչ իրավունքով է տարածքն աճուրդի հանվել, եթե հողն իրենց հատկացնելու կառավարության որոշում կա։

«Պետք է չեղարկվեր կառավարության որոշումը, որով հատկացվել է: Արդյո՞ք չեղարկվել է: Սա է հիմքերի հիմքը», - ասաց հողօգտագործողներից մեկը:

Հողի փաստացի օգտագործողների պնդմամբ, սա իրենց համար ապրուստի միակ միջոցն է․ - «Իմ քարից, փչից ու օձից մաքրած հողը էսօր ինձ 1500 մետր հողը չեն տալիս: Հիմա էլ վարում են, թե՝ իրանց հողն ա: Ես ո՞նց պտի ապրեմ»:

Հողագործներին ոչ մի կերպ չի հաջողվում ճշտել նաև, թե ով է 2004-ին աճուրդով գնել հողը, ով է նոր սեփականատերը։

«Էրեկ եկան, ասին՝ սա մեր հողն ա․․․ Հովիկ Միրզախանյանը: Փաստաթղթեր ներկայացրեց, բայց իրա անունով չէին էդ փաստաթղթերը», - ասաց նրանցից մեկը:

Թեև համապատասխան փաստաթուղթ իրենց ոչ ոք ցույց չի տվել, սակայն շրջանառվում են էջմիածնի կադաստրի նախկին պետ Շիրազ Հարությունյանի, նրա որդու և ոմն Հովիկ Միրզախանյանի անունները։

«Ազատության» հարցին, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել փաստացի օգտագործող ունեցող հողատարածքի աճուրդը, Էջմիածնի քաղաքապետարանից շտապեցին արձագանքել, թե գործարքը տեղի է ունեցել նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի ժամանակ։

«Հրաչիկ Աբգարյանը իր քաղաքապետության տարիներին սիրում էր ամեն ինչ ծախեր: Հողեր էր վաճառում, չէր նայում ումն էր», - ասաց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը:

Ողջ օրվա ընթացքում Հրաչիկ Աբգարյանի հետ կապ հաստատել չստացվեց։ Գործող քաղաքապետի մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը «Ազատությանը» փոխանցեց․ - «Գործող քաղաքապետը ասել է՝ ես ամեն ինչ կանեմ, որ առայժմ դուք շարունակեք մշակել, շահույթ ստանալ, մինչև տեսնենք ոնց ա լուծվում խնդիրը»:

Դիտարկմանը, որ տրակտորներով արդեն վարում են այդ մարդկանց հողը, աշխատակիցն արձագանքեց․ - «Քաղաքապետարանը իր իրավասությունների շրջանակներում ամեն ինչ կանի հողատերերին օգնելու համար»:

Նկարահանման պահին ցուցարարներին զանգեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով, որ եթե փաստաթղթերով հիմնավորվի, որ իրենք են այդ հողի օրինական տերերը, ապա կհանձնարարի մարզի հողաշինարարական բաժնի աշխատակիցներին տեղում ուսումնասիրել հարցը:

Հողի փաստացի օգտագործողները նամակով դիմել են նաև վարչապետին։ Եթե հարցը չլուծվի, պատրաստվում են դիմել դատարան՝ 2004-ի աճուրդն չեղյալ ճանաչելու և հողը մշակելու իրենց իրավունքը վերադարձնելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG