Մատչելիության հղումներ

Բրյուսելն ու Անկարան սաստկացրել են փոխադարձ կշտամբանքները


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր անձամբ է զգուշացրել Թուրքիային՝ եթե Բրյուսելը հրաժարվի այդ երկրի քաղաքացիներին ազատականացված ռեժիմով վիզաների տրամադրումից, դրա համար պատասխանատու է լինելու միայն ու միայն Էրդողանի վարչակազմը:

«Թուրքիայի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրանք չեն ուզում հարգել եվրոպական չափանիշները»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը՝ անդրադառնալով Թուրքիայում ընդդիմադիրների հանդեպ շարունակվող հետապնդումներին ու հալածանքներին:

«Եթե վիզաների ազատականացման գործարքը մերժվի, էրդողանը պետք է բացատրի թուրքերին, թե որն է պատճառը: Մենք Թուրքիայի կարիքն ունենք, սակայն, չենք կարող հրաժարվել մեր հիմնական սկզբունքներից»,- նաև ասել է Յունկերը: Ավելի վաղ պաշտոնական Բրյուսելը ևս հանդես էր եկել նոր ու նախորդներից առավել խիստ մի հայտարարությամբ՝ «ծայրահեղ մտահոգիչ» որակելով էրդողանի քայլերն ընդդիմադիրների հանդեպ:

Հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանություններն արդեն 110 հազար մարդ են ազատազարկել կամ պաշտոնանկ արել: Անցած շաբաթավերջից էլ ճաղերի ետևում են հայտնվել խորհրդարանի մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն ու մեկ տասնյակից ավելի պատգամավորներ՝ Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով: «Կոչ ենք անում Անկարային՝ վերսկսել բանակցություններն ընդդիմախոսների հետ, երաշխավորել խորհրդարանական ժողովրդավարությունը, այդ թվում՝ հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերիշխանության, հիմնարար ազատությունների նկատմամբ»,- հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, զգուշացնելով՝ եվրոպական ընտանիքն ու դաշնակիցները կշարունակեն մանրազնին հետևել ու գնահատել այդ երկրում ստեղծված իրավիճակը:

Պաշտոնական Բեռլինն էլ հայտարարել է, թե պատարաստ է ապաստան տալ Էրդողանի վարչակազմի կողմից հետապնդվող ընդդիմադիրներին: «Թուրքիայի բոլոր այլախոհները պետք է իմանան, որ Գերմանիայի Դաշնությունը համերաշխ է նրանց հետ: Եվ այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, որևէ կապ չունի եվրոպական արժեքների, օրենքի գերակայության, ժողովրդրավարության ու մամուլի ազատության հետ»,- Die Welt պարբերականին ասել է ԳԴՀ արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մայքլ Ռոտը:

Որպես ասվածի վկայություն, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն այսօր Բեռլինում ընդունել է Գերմանիայում ապաստանած թուրք այլախոհներից մեկին՝ «Ջումհուրիեթ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին: Առաջատար լրագրողը, որը մի շարք միջազգային մրցանակների դափնեկիր է, հայրենիք վերադառնալու դեպքում կարող է հայտնվել ճաղերի ետևում: էրդողանն անցած տարի դատի է տվել նրան մի հոդվածի համար, ըստ որի, Թուրքիան միջատում է սրիրիական ճգնաժամին և զենք մատակարում նախագահ Ասադի դեմ կռվող զինյալներին:

Ի պատասխան, պաշտոնական Անկարան այսօր հրապարակավ մեղադրել է Եվրամիության առաջատար երկրին՝ «ահաբեկիչներին սատարելու համար»: «Գերմանիան Թուրքիայի դեմ ահաբեկչությունները հովանավորող թիվ մեկ երկիրն է»,- հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Վերջինս նաև տեղեկացրել է․ Թուրքիան դիմել է Գերմանիային՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության մոտ 4 հազար անդամների արտահանձնելու խնդրանքով, սակայն, նրանցից որևէ մեկը դեռ չի արտահանձնվել:

«Մեր եվրոպական դաշնակիցներըը պետք է փոխեն իրենց վերաբերմունքը, նրանց թվում է, թե իրենք ու իրենց ժողովրդավարությունն առաջին կարգի են, մենք ու բալկանյան երկրները՝ երկրորդ, դա անընդունելի է: Թուրքիան ուզում է, որ Եվրամիության գործընկերները մեզ հետ շփվեն՝ ինչպես հավասարը հավաասրի հետ, նրանք պետք է հարգեն մեզ»,- նաև ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիան քննադատել էր Լյուքսեմբուրգի արտգործնախարարին, ով Էրդողանի վարչակազմի քայլերը համեմատել էր նացիստական Գերմանիայի վարքագծի հետ՝ Եվրամիությանն առաջարկելով Անկարայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանել: «Տարիներ ի վեր արևմտյան առաջնորդները ներողամիտ են եղել Էրդողանի հանդեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, հնարավոր պատվար՝ ռուսական ագրեսիայի դեմ ու առանցքային գործընկեր՝ Մերձավոր Արևելքից փախստականների հոսքը Եվրոպա կանգնեցնելու հարցում»,- այսօր գրել է Wall Street Journal-ը, ընդգծելով՝ «այդ ներողամտությունը, սակայն, պետք է չափ ու սահման ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG