Մատչելիության հղումներ

Վերլուծաբան. Հնարավորություն է ստեղծվում Ցեղասպանության ու ղարաբաղյան թեմաներն առաջ մղելու համար


«Խնդիրը, որ մենք այսքան ուշադրություն ենք դարձնում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա, այն է, որ այս ընտրություններն իսկապես արդար և ժողովրդավարական ընտրություններ են», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

«Հենց այն փաստը, որ Թրամփը դարձավ թեկնածու, մեկ ապացույց է, որ այստեղ արդար, ժողովրդավարական ընտրական համակարգ է, իսկ Հայաստանում այս համակարգը գոյություն չունի։ Մյուս կողմից, ի հակադրություն Միացյալ Նահանգների, որտեղ քաղաքականությունը լուրջ բան է, որտեղ խոստումները լուրջ են, դա կարևոր է, իսկ Հայաստանում դա առաջնային պայման չէ», - ասաց Կիրակոսյանը՝ նշելով, որ Հայաստանի նախագահը գրեթե միանձնյա ֆիգուր է, իսկ Միացյալ Նահանգներում այդպես չէ։

Վերլուծաբանը նշեց, որ զարմացած է, թե ինչքան մեծ ժողովրդավարություն է վայելում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփը, և զայրացած լինելով տնտեսական իրավիճակից՝ ինչպես են մարդիկ փորձում քվեարկել Թրամփի օգտին։ Բայց դա, ըստ Կիրակոսյանի, Թրամփի օգտին չէ, այլ ընդդեմ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի։

«Մյուս հարցն այն է, որ մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ում շատ է քննարկվում Ռուսաստանի և Պուտինի դեմ շատ ավելի հաստատակամ դիրքորոշում ունենալու և Ռուսաստանի դեմ կոնֆրոնտացիայի գնալու հարցը, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը Ռուսաստանի առաջնային գործընկերն է», - ասաց Կիրակոսյանը՝ շարունակելով. - «Վաշինգտոնում Ադրբեջանին չեն սիրում, ամերիկյան իշխանություններն ասես նույնիսկ փորձեն հատուկ ջանքեր գործադրել, որպեսզի ցուցադրեն Ադրբեջանի ու իշխող վարչակազմի կոռուպցիան, սա շատ հետաքրքիր նոր միտում է։ Միևնույն ժամանակ, Ամերիկայում կա այն զգացողությունը, որ Թուրքիան գնալով ավելի անվստահելի գործընկեր է դառնում, և այս ամբողջն իր կոմպլեքսի մեջ Հայաստանի համար որոշակի հնարավորություններ է ստեղծում թե՛ Ցեղասպանության թեման առաջ մղելու, թե՛ ղարաբաղյան հարցում»։

Վերջում անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանը փորձում է դիվանագիտությունից հետ քաշվել։ «Այդ առումով ժամանակի հարց է, թե երբ ադրբեջանական հերթական հարձակումը տեղի կունենա, և այդ հարձակումը լիենելու է փորձ՝ ադրբեջանցիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու», - ասաց վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG