Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին «Արսեն Կարապետյանի և Արթուր Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առևանգելու և բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է»:
«Նախաքննությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծված քննչական խմբի կողմից, որում ներառված էին Հատուկ քննչական ծառայության և Քննչական կոմիտեի ՀԿԳ [հատկապես կարևոր գործերի] քննության գլխավոր վարչության քննիչներ: Քննության ընթացքում ձերբակալվել է 2 անձ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին [մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով] և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով [ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որոնք զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց կողմից] նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, որը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան: