Այսօր, մի քանի ժամից, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմեկնարկի 45-րդ նախագահի ընտրությունը:
Ամերիկացի վերլուծաբանները փորձում են գուշակել, թե ինչպիսի՞ն կլինի Ամերիկան նոյեմբերի 9-ի առավոտյան: The Washington Post և The New York Times ամերիկյան պարբերականները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում լույս տեսնող Independent-ը նշում են, որ սա հիրավի դարակազմիկ ընտրություն է:
«Ովքե՞ր կլինեն ամերիկացիները հինգշաբթի օրը: Խաղադրույքը մեր ազգային ինքնությունն է», - The Washington Post-ում կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերթ Քրիսչենը: - «Ի՞նչ է նշանակում լինել ամերիկացի․ այս ընտրություններում, առավել քան երբևէ, հիմնական բանավեճը մեր ազգային ինքնության շուրջ է: Պատասխանը կարևոր է և՛ ամերիկացիների, և՛ համայն աշխարհի համար, մենք սևեռվել ենք բացառապես մեզ վրա՞, պատերով աշխարհից անջատվող երկի՞ր ենք, այլևս ապաստան չե՞նք տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են փրկվել հալածանքից և բռնությունից: Ուզո՞ւմ ենք մնալ ազատ աշխարհի առաջնորդ, իդեալ այն մարդու համար, ով երազում է հասնել Ամերիկա և ավելի երջանիկ կյանք ապահովել իր ընտանիքի համար: Ամերիկայի պատմության ընթացքում թե՛ մեկն է եղել, թե՛ մյուսը՝ հնարավոր չէ մոռանալ ռասայական խտրականության և աշխարհից մեկուսանալու ժամանակը: Այսօր այդ հայացքները կրողներն են սատարում Դոնալդ Թրամփին: Ամերիկան մեծ տերություն դարձնելու համար մենք պետք է գիտակցենք ազատությունը, դեմոկրատիան և մարդու իրավունքները աշխարհում պաշտպանելու հարցում մեր պատասխանատվությունը և դռները բաց պահենք փախստականների, հալածյալների կամ տնտեսական հնարավորություններ որոնողների համար»:
Քրիսչենի համոզմամբ, նոյեմբերի 8-ին հարկ է «ոչ» ասել ծայրահեղ և ագրեսիվ անգրագիտություն և անհանդուրժողականություն դրսևորող Թրամփին:
The New York Times-ի խմբագրականում ասվում է, որ Թրամփի ընտրությունն աղետ կլինի, այն կասեցնելու համար հարկ է ընտրել Հիլարի Քլինթոնին: Նրանց, ովքեր չեն ուզում ընտրել Քլինթոնին, այսպիսի հարց ապագայից. - «2016 թվականին մենք կարող էինք թույլ չտալ, որ իշխանությունը ստանձնի անգրագետ և անգութ բռնակալը, դու անձամբ ի՞նչ ես արել դրա համար»: «Այս տգեղ նախընտրական արշավը ցույց է տալիս, թե որքան է փտած մեր դեմոկրատիան և որքան է զայրացած մեր բնակչությունը», - ասված է հրապարակման մեջ:
Independent-ն էլ նշում է, որ իբրև բրիտանական պարբերական՝ սովորաբար չի անդրադառնում ամերիկյան ընտրություններին, բայց այս ընտրությունն արտակարգ նշանակություն ունի ամբողջ մոլորակի համար: Այո, ամերիկացիները կարող են դժգոհել, որովհետև այսօր եզրափակիչում են երկու առավել չսիրված թեկնածուներ, ովքեր, եթե լինեին ուրիշ մրցակիցներ, հաստատ կպարտվեին: Բայց դա չի նշանակում, թե Թրամփին ու Քլինթոնին կարելի է համեմատել: Նրանք բացարձակապես տարբեր են ընկալում Ամերիկան և աշխարհը: Քլինթոնը կատարյալ չէ, նա մարմնավորում է ժողովրդից անջատված ազգային վերնախավը: Եվ չնայած դրան՝ նա ունակ է աշխատել Սպիտակ տանը և դա ապացուցել է Սենատում ու Պետդեպարտամենտում իր աշխատանքով: Ողբերգություն կլինի, եթե ամերիկացիները նրան չընտրեն 45-րդ նախագահ, թեկուզև գիտակցելով, որ ընտրում են չարյաց փոքրագույնը, պնդում է բրիտանական պարբերականը: