[Հայաստանում] Քաղցկեղով հիվանդներին հատկացվող ցավազրկողը՝ մորֆինը, անհասանելի է նրանցից առնվազն 2300-ի համար, իսկ հոգեբուժարաններում գտնվող քաղաքացիներից 180-ը չպետք է այնտեղ լինեին:
Սրանք Բաց հասարակության հինադրամի տվյալներն են, որն այսօր մեկնարկած Առողջապահական իրավունքի համաժողովում հայտնեց հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լարիսա Մինասյանը:
«Ինչպես իրավապաշտպաններն են ասում, բանտից դուրս գալը շատ անգամ ավելի հեշտ է, որովհետև կա դրա կանոնակարգը: Իսկ այդ հաստատություններ ընկնելու դեպքում հայտնի չէ, երբ դուրս կգաս և դուրս կգա՞ս արդյոք», - ասաց Մինասյանը:
Անդրադառնալով հիվանդներին ցավազրկող դեղամիջոցների տրամադրմանը՝ նա ասաց․ - «Պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը, մի քանի բժիշկ միայն երեք օրվա [համար] հնարավոր է դուրս գրել այդ դեղամիջոցը, հետո ամպուլաները պետք է վերադարձնես: Դրանց դուրս գրելը և վերադարձնելը կատարվում է իրավապահ մարմինների իրազեկության և ներկայության ներքո, ինչը իրավունքի խիստ չարաշահում է և ոտնահարում»:
«Ազատության» հետ զրույցում Մինասյանն առանձնացրեց նաև հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում հաճախ հանդիպող խնդիրներից մեկը, երբ ցավազրկման կարիք ունեցող դատապարտյալներին այդ միջամտությունը ժամանակին չի ցուցաբերվում՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ը դա խոշտանգում է որակում:
Մինասյանի պնդմամբ, սա քրեակատարողական հիմնարկներում առկա միակ խնդիրը չէ․ - «Այդ հիմնարկների բժիշկները ոչ թե ստորադաս են Առողջապահության նախարարությանը, այլ Արդարադատության նախարարությանը: Եվ որպես այդպիսին, դա արդեն շահերի բախում է»:
Ըստ նրա, նշված օրինակները հենց առողջապահական իրավունքի խախտումներ են:
Ի դեպ, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության նիստերից մեկում խորհուրդ էր տվել բժիշկներին շատ չընդառաջել տատիկներին ու չնչին գանգատների դեպքում թանկարժեք հետազոտությունները պետպատվերի շրջանակում չկատարել:
Համաժողովի ընթացքում Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը հարցին՝ եթե չեն բարձրացվում թոշակներն ու չեն ավելանում պետպատվերի համար հատկացվող գումարները, էլ ի՞նչ առողջապահական իրավունքի մասին է խոսքը, արձագանքեց․ - «Մեկնաբանելու որևէ խնդիր չունեմ»:
Առողջապահական իրավունքի թեման ուշադրության կենտրոնում է հայտնվում հատկապես այն դեպքերւոմ, երբ հիվանանդոցներում մահվան դեպքեր են արձանագրվում: Հնչում են մեղադրանքներ բժիշկների հասցեին, իսկ նախարարությունից գրեթե միշտ արձագանքում են, թե «բժշկական սխալ» իրավական հասկացություն Հայաստանում և շատ այլ երկրներում չկա:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Ազատության» հարցին, թե արդյոք նախարարությունը երբևէ օրենսդրական առաջարկով հանդես կգա, որպեսզի «բժշկական սխալ» եզրույթը որպես այդպիսին Քրեական օրենսգրքում ամրագրվի, պատասխանեց․ - «Այս պահի դրությամբ, այո, մենք «բժշկական սխալ» եզրույթի քննարկման գործընթաց պիտի սկսենք: Չգիտեմ, թե ինչով դա կավարտվի․ արդյո՞ք մենք այդ եզրույթը վերջնական օրենսդրորեն կամրագրենք, թե՞ դա կթողնենք մեկ այլ դաշտում կարգավորման, բայց այդ քննարկումները սկսվելու են»:
Առողջապահություն նախարար Լևոն Ալթունյանն անցած շաբաթ հայտարարել էր, թե հիվանդի խախտված իրավունքով առաջիկայում կզբաղվի ստեղծվելիք առողջապահական օմբուդսմենի ինստիտուտը:
Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն այսօր պնդեց, թե այդ մարմինը չի գործի՝ եթե նախարարությանը կից լինի, քանի որ պետական լծակներով կճնշվի այդ ինստիտուտի գործունեությունը․ - «Օրինակ, կապված բժշկի թույլ տված, ենթադրենք, սխալների, բժիշկ - հիվանդ հարաբերության ոչ-կանոնարգային երևույթների հայտնաբերման դեպքում, նախարարություն - քաղաքացի հարաբերությունների ընթացքում․․․ եթե էս գործընթացների մեջ օմբուդսմենի ինստիտուտին որպես վերադաս կառույց հանդիսանա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, բնականաբար քաղաքացիների կողմից պարտադիր կնշվի, որ նախարարությունը փորձեց ճնշել: Ես միջազգային փորձից մի օրինակ բերեմ․ հիվանդանոցի ընդունարանում հիվանդը իրավունք չունի 20 րոպեից ավելի սպասելու՝ եթե նրա դեպքը անհետաձգելի չէ: Դա համարվում է բժշկական որակի բացասական ցուցանիշ»: