Դպրոցական արձակուրդն Արագածոտնի մարզի Աղձք գյուղում մեկ օրով էլ երկարեց։ Դպրոցականներն այսօր գրքերի ու տետրերի փոխարեն «Մեր տնօրենը Սուքիասյանն է» գրությամբ պաստառներ էին դպրոց բերել։ Նրանց միացած ուսուցիչներն ու ծնողները ևս պահանջում էին դպրոցի նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանին պաշտոնին վերադարձնել։ Գյուղացիները պնդում էին՝ դաշնակցական մարզպետը տնօրենի պաշտոնակատար է նշանակել իր սանուհուն, որը համապատասխան հավաստագիր չունի։
«Ոչ մի նվեր տալ, ոչ մի գումար հավաքել, ամեն տեղ էլ սենց երևույթներ եղել են, բացի մեր դպրոցից: Դրա համար մեր ուսուցչական կոլեկտիվը, մեր տնօրենը, մեր ծնողները, բոլորն էլ հարգում են էս մարդուն: Չեն ուզում, որ իրեն աշխատանքից ազատեն», «Կարող ա սա ինչ-որ կուսակցական բաներ են, նոր մարզպետը դաշնակ է, երևի էդ պահն ա»,- ասացին բողոքող ուսուցիչները: Գյուղացիներից ոմանք էլ հավելեցին, թե դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը միայն իր կուսակիցներին ու մտերիմներին է պաշտոնների նշանակում։
Փարպիից Աղձք եկած ու ոչ այնքան ջերմ ընդունելության արժանացած նորանշանակ տնօրենի պաշտոնակատար Սոնա Մուրադյանը չցանկացավ հարցերի պատասխանել, մինչդեռ նախկին տնօրենը՝ հանրապետական Հարություն Սուքիասյանը հայտարարեց, որ դպրոցից հեռանալ չի ցանկանում։ «Այս մասին ես ՀՀ նախագահ Սեր Սարգսյանի աշխատակազմ դիմում-խնդրանք եմ ներկայացրել, որպեսզի հետազոտեն գործը և արդարությունը վերականգնվի»,- ասաց նախկին տնօրենը:
Քիչ անց բողոքի գործողությունները դպրոցից գյուղապետերանի շենքի մոտ տեղափոխվեցին, ուր մարզպետարանի ներկայացուցիչներն էին ժամանել։ Խնդրի լուծմանը նպաստելու համար այստեղ նաև ծնունդով Աղձքեցի պատգամավոր Արագած Ախոյանն էր եկել։ Գյուղացիները պնդում էին՝ աշակերտներն այնքան կշարունակեն դասադուլը, մինչև Սուքիասյանը դարձյալ տնօրեն նշանակվի:
Ազգային ժողովի պատգամավորը, նորընտիր գյուղապետն ու նախկին տնօրենը երկար քննարկումներից հետո ի վերջո մարզպետարան գնացին՝ մարզպետ Գյոզալյանի հետ փակ դռների ետևում իրավիճակը քննարկելու։
«Ազատության» հետ զրույցում մարզպետն ասաց՝ այս նշանակումն արել է օրենքի տառին համապատասխան: Պաշտոնակատար լինելու համար հավաստագիր պետք չէ, մինչ ընտրություններն էլ Սոնա Մուրադյանն այն կստանա, քավոր-սանիկ հարաբերություններ ու կուսակցական խնդիրներ էլ չկան, ասաց Գյոզալյանը, նշելով, թե պարզապես երիտասարդ կադրերին են ուզում հնարավորություն տալ։