Մատչելիության հղումներ

Ադրբեջանն «ինտենսիվ բանակցություններ է վարում» նոր սպառազինություն ձեռք բերելու ուղղությամբ


«Իսկանդեր» հնթիռային համակարգերը Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսում:
«Իսկանդեր» հնթիռային համակարգերը Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», ինտենսիվ բանակցություններ է վարում Պակիստանի հետ 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռային համակարգեր ձեռք բերելու շուրջ:

Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «երկրի հուսալի պաշտպանության համար անհրաժեշտ է ձեռք բերել 200, 300 և 500 կիլոմետր հեռահարությամբ օպերատիվ-տակտիկական հրթիռներ»՝ ընդգծելով․ - «Սա ամենևին էլ չի նշանակում, որ հակառակորդի հարձակումները կասեցնելու համար անհրաժեշտ համակարգեր Ադրբեջանն այսօր չունի: Ադրբեջանն ունի բավականաչափ սպառազինություն հակառակորդի ցանկացած օբյեկտ խոցելու համար»:

Բաքուն, ինչպես հայտնում են ադրբեջանական և ռուսաստանյան աղբյուրները, հատկապես վերջին շրջանում սպառազինություն ձեռք բերելու շուրջ ավելի ինտենսիվ բանակցություններ է սկսել Պակիստանի հետ՝ մի երկրի, որի հետ ունի բարեկամական հարաբերություններ, և որը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն:

Նոր հրթիռներ ձեռք բերելը Ադրբեջանի համար արդիական է դարձել Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսին ցուցադրված ռուսաստանյան գերժամանակակից «Իսկանդեր» հրթիռային համակարգը:

Պակիստանի հետ սպառազինության համատեղ արտադրության սկսելու մտադրության մասին պաշտոնական Բաքուն հայտարարել էր դեռևս անցած տարվա մարտին, երբ Ադրբեջան էր ժամանել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Խոսքը Ադրբեջանի ռազմաարդյունաբերական ոլորտ կես միլիարդ դոլար ներդնելու Պակիստանի մտադրության մասին է:

Պակիստանի վարչապետը այդ այցի ընթացքում հայտարարել է, որ Բաքվի և Իսլամաբադի տեսակետները համընկնում են նաև Քաշմիրի և Լեռնային Ղարաբաղի հարցերում․ - «Մենք կողմ ենք Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի, ազատագրմանը»:

Ռազմական նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու շուրջ բանակցություններ Ադրբեջանն այսօր վարում է նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իսրայելի հետ: Մասնավորապես, Իսրայելից, ըստ «Նեզավիսիմայա գազետայի», Ադբրեջանը մտադիր է ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգ:

Փորձագետների կարծիքով, «Իսկանդեր» գերժամանակակից համակարգը այսօր դեռ անհասանելի է հայտնի բոլոր հակահրթիռային համակարգերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG