Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստերը


Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ ընտրվեց քաղաքապետը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․
Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որտեղ ընտրվեց քաղաքապետը: 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

ՏԻՄ-ի մասին օրենքի համաձայն, կառավարությունը կարող է «կրճատել Վանաձորի ավագանու անդամների լիազորությունը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում երեք ամսից ավելի ավագանու նիստեր չգումարվեն»:

Վանաձորի ավագանու արտահերթ նիստն այսօր չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Հոկտեմբերի 10-ին, երբ նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանը հայտարարել էր, թե իրենք բոյկոտելու են ավագանու առաջիկա նիստերը:

Այդպիսով, ըստ նրա, փորձելու են պարզել ավագանու այն ընդդիմադիր անդամներին, ովքեր ընտրությունից երկու օր առաջ հուշագիր ստորագրեցին՝ պարտավորվելով քաղաքապետի ընտրության ժամանակ պաշտպանել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը, սակայն, քվեարկեցին հանրապետական թեկնածուի օգտին:

Ավագանու որևէ ընդդիամդիր անդամ, սակայն, այսօր չէր ներկայացել, այդ թվում՝ Հանրապետականի օգտին քվեարկածները: Նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել հարցը, թե ինչու են բացակայում իր օգտին քվեարկած ավագանու անդամները: «Էդ մարդիկ էսօր այստեղ չեն, դա իրենց խնդիրն է, դա իրենց հայտարարությունների արդյունքն է, իրենց քաղաքական ուժերի ընդունած որոշման արդյունքում այստեղ չեն: Ես այլ քաղաքական ուժերի հայտարարությունները չեմ մեկնաբանում»,- ասաց քաղաքապետը:

Ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի կարծիքով, այսօր տեղի ունեցածն այն իրողության վկայությունն է, որ ավագանու չորս ընդդիամդիր անդամները ճնշումների հետևանքով են քվեարկել Ասլանյանի օգտին: «Սա նշանակում էր մի բան՝ փակ գաղտնի քվեարկության միջոցով իրականում այդ չորս ձայնը, որ ի հավելումն Դաշնակցության և Հանրապետական կուսակցության, ստացել էր Հանրապետականի թեկնածուն, դրանք եղել են բացառապես ճնշումների արդյունքում, հակառակ պարագայում այդ մարդիկ որևէ խնդիր չէին ունենա հրապարակավ հանդես գալու»,- ասաց Մարուքյանը:

«Ազատության» հետ զրույցում նա հավաստիացրեց, թե շարունակելու են բոյկոտը, իսկ ավագանու նիստին կմասնակցեն միայն այն դեպքում, եթե օրակարգում լինի քաղաքապետի հրաժարականի հարցը: «Առաջիկա նիստերի ընթացքում պետք է Հանրապետական կուսակցության կողմից ընտրված Մամիկոն Ասլանյանը ներկայացնի իր հրաժարականի դիմումը ավագանուն, և միակ օրակարգային հարցով գումարվի նիստ»,- շարունակեց Քրիստ Մարուքյանը:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ լրագրողների հարցին՝ պատրա՞ստ են արդյոք զիջումների, այսպես արձագանքեց՝ «Ի՞նչ է նշանակում զիջումների գնալ, մենք բաց քննարկումների ենք կանչել մարդկանց, բոլոր առողջ առաջարկություններն ընդունելի են, զիջումները գալիս են այն ժամանակ, երբ որ լինում է առողջ քննարկում»:

ՀԻշեցնենք՝ ՏԻՄ-ի մասին օրենքի համաձայն, կառավարությունը կարող է «կրճատել Վանաձորի ավագանու անդամների լիազորությունը, եթե հերթական նստաշրջանի ընթացքում երեք ամսից ավելի ավագանու նիստեր չգումարվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG