Մատչելիության հղումներ

Դատարանը անփոփոխ թողեց Խորենացի փողոցի բախումների գործով մեղադրվողների խափանման միջոցը


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Խորենացի փողոցի բախումների գործով մեղադրվող Գագիկ Միքայելյանի և Արսեն Մկրտումյանի պաշտպանների միջնորդությունը և անփոփոխ թողեց խափանման միջոց կալանքը։

Երրորդ ամբաստանյալի՝ Սոսո Մարգարյանի պաշտպանն այս նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնելու հնարավորություն չունեցավ։

Փոխարենը դատարանը բավարարեց Արսեն Մկրտումյանի տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդությունը։ Սակայն ո՛չ Մկրտումյանի փաստաբան Արա Ղարագյոզյանին, ո՛չ ամբաստանյալի հորը միայն մեկ միջնորդության բավարարումը չի գոհացնում։

«Պարզապես սա թատերաբեմ է, որը դատավորները իրականացնում են, լավ դերասանի իրենց պարտականությունները կատարում են: Արդեն իսկ նրանք ունեն իրենց մոտ գրված, մնում է միայն կնիքը խփեն: Այսինքն դատարավորները ստանձնել են նոտարի լիազորությունները․ միայն կնիք են խփում և արդարադատություն չեն իրականացնում», - ասաց փաստաբանը:

3 քաղաքացիները մեղադրվում են հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Պաշտպան Ղարագյոզյանն արդեն մտադիր է Հայաստանում արդարադատության բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել Եվրոպական դատարան․ - «Հայաստանում արդարադատության չենք հասնելու, քանի որ այս գործերը բոլորը գալիս է Բաղրամյան 26-ից, և Բաղրամյան 26-ն է դատական ակտերը կայացնում, և ոչ թե դատավորները»:

Հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար կազմակերպված հուլիսի 20-ի ցույցի ժամանակ, ըստ իրավապահների, տուժել է 46 ոստիկան։

Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանի կարծիքով, 46 հոգուն էլ այս գործով որպես տուժող ներգրավելը հիմնավոր չէ։ 3 մեղադրյալներին վերագրված չէ տուժածներից թեկուզ մեկին գույքային կամ մարմնական վնաս պատճառելու մեղադրանք․ - «Համարում եմ արհեստականորեն գործը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու ձև․ ցույց տալ թվաքանակով, որ էսքան տուժողներ կան, նայեք ուրեմն ամբաստանյալի աթոռին ինչ հանցագործներ են նստած․․․ Բայց իրականում այդ տուժողներից և ոչ մեկը ոչ մի առնչություն չունի էս գործի հետ»:

Զաքարյանը հիմնավոր չի համարում նաև մինչև հիմա տեսակցությունների արգելք կիրառելը:

Տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդություն են պատրաստվում ներկայացնել նաև Գագիկ Միքայելյանի և Սոսո Մարգարյանի պաշտպանները, սակայն՝ արդեն հաջորդ դատական նիստի ընթացքում, որը նշանակված է դեկտեմբերի 22-ին։

XS
SM
MD
LG