Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի արձագանքել Անդրիաս Ղուկասյանի պաշտպանների և 20 պատգամավորների դիմումին


Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ
Անդրիաս Ղուկասյանը դատարանում, արխիվ

Անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստի փաստաբանի խոսքով, Ղուկասյանը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի սահմանած՝ քաղաքական բանտարկյալի 4 չափանիշներից 3-ին:

Հուլիսի 29-ից ճաղերի ետևում գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները նախատեսված 5-օրյա ժամկետի լրանալուց հետո էլ դեռ սպասում են դատախազությանն ուղղած իրենց միջնորդության պատասխանին: Այդ միջնորդությաւնը նրանք կցել են նաև Ազգային ժողովի 20 պատգամավորների և հանրությանը հայտնի 5 անձանց դիմումը՝ Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Հանրապետականից բացի, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները միացել են այդ երաշխավորագրին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանի կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, հավելելով, թե հույս ունի, որ 2 տասնյակ պատգամավորների ստորագրած դիմումը իրավապահների համար ծանրակշիռ փաստարկ կլինի:

«Մենք միջնորդություն ներկայացրեցինք գլխավոր դատախազին՝ խնդրելով, որ կալանքը վերացնի, քանի որ հիմքերը, անհրաժեշտությունը վերացել է: Միաժամանակ, ինքը կամ անձնական երաշխավորության այդ խափանման միջոցը կիրառի կամ էլ՝ ցուցում տա, որպեսզի քննիչն այդ խափանման միջոցը կիրառի: Մինչ օրս, արդեն անցել է 14 օր, դեռևս որոշումը չենք ստացել»,- ասաց փաստաբան Կարեն Մեջլումյանը:

Ըստ նրա, իր պաշտպանյալը Սարի թաղում հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած բախումների ժամանակ փորձել է հանդարտեցնել իրավիճակը, ոչ թե, ինչպես պնդում է մեղադրող կողմը, զանգվածային անկարգություններ է հրահրել: Փաստաբանի խոսքով, Ղուկասյանի մեղքն ապացուցող որևէ տեսագրություն մինչ օրս չի ներկայացվել։ «Մենք ենք ներկայացրել տեսանյութեր, նախաքննական գաղտնիք է, բայց դատարանում ասացին, որ ոստիկանության նկարահանած տեսանյութերն իրենց մոտ առկա են: Մենք շատ ուրախ կլինենք, եթե թեկուզ ոստիկանության տեսանյութերը լինեն, դրանով էլ միանշանակ հերքվելու է մեղադրանքը, որովհետև այն, ինչ տեղի չի ունեցել, տվյալ դեպքում Անդրիաս Ղուկասյանի կողմից, դա չի կարող ֆիքսված լինել տեսանյութում»,- շարունակեց փաստաբանը:

Անդրիաս Ղուկասյանի կինը Անահիտ Թարխանյանը ևս վստահ է՝ իր ամուսինը քաղաքական հալածյալ է։ «Փաստը մնում է փաստ, որ ընդամենը 2 ոստիկանի ցուցմունքով հանրության երեք լավագույն ներկայացուցիչները, քաղաքական ներկայացուցիչները, այսօր մեղադրվում են բավականին ծանր արարքի մեջ, որի համար չորսից տասը տարի է հասնում: Ճիշտ է՝ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանն ազատ են արձակվել, բայց իրենք դեռ քննության մեջ են գտնվում, և այս ծանր հոդվածը չի վերացված»,- «Ազատությանն» ասաց Անահիտ Թարխանյանը:

Փաստաբան Մեջլումյանի պնդմամբ, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի սահմանած՝ քաղաքական բանտարկյալի 4 չափանիշներից 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG