Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարար. Պետությունը բիզնես չի խլել և առաջիկայում էլ չի խլելու


Ֆինանսների նախարար Վարդան Արամյան
Ֆինանսների նախարար Վարդան Արամյան

Պետությունը բիզնես չի խլել և առաջիկայում էլ չի խլելու, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականին, համաձայն որի «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետք է իրականացնի պետությունը:

Ֆինանսների նախարարը պարզաբանեց, որ պետությունը կփոխհատուցի այդ ընկերությունների կատարած ներդրումներն ու ծախսերը, որից հետո ինքնուրույն կիրականացնի նրանց ծառայությունները:

Վարդան Արամյանը չթաքցրեց, որ այս ամենն իրականացվում է վարչապետի կողմից հայտարարված ծախսերի կրճատման քաղաքականության շրջանակում, ինչի արդյունքում տեսանկարահանող սարքերից, արագաչափերից, ինչպես նաև կարմիր գծերից տուգանքների միջոցով գոյացած գումարները կգնան պետական բյուջե:

«Ազատություն». - Ընդհանրապես նա դո՞ւրս է գալիս այս բիզնեսից։

Արամյան. - Մենք փորձում ենք, այո, գնալ այն տարբերակի, որ նույն ծառայությունները մենք ինքներս կատարենք։

«Ազատություն». - Այսինքն՝ ամբողջությամբ այս գործառույթը «Սեքյուրիթի դրիմ»-ի ձեռքից վերցվո՞ւմ է և պետությունն է դա իրականացնելո՞ւ, այլևս որևէ շահույթ այս ընկերությունը չի՞ ունենալու։

Արամյան. - Փաստացի ստացվում է այնպես, որ այն խնայողությունը, որի մասին խոսվելու է, որ բյուջեում կձևավորվի խնայողություն, դա այն շահույթն է լինելու, որը «Սեքյուրիթի դրիմ»-ին չի վճարվելու, բայց, բնականաբար, ես ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ ընկերությունն ամեն դեպքում կատարել է համակարգի վրա ներդրումներ։

«Ազատություն». - Այսինքն՝ վերադարձվելո՞ւ է նրան, եթե ինչ-որ ներդրումներ է արել և չի հանել այդ ծախսերը։

Արամյան. - Եթե ընկերությունը ներդրումներ է կատարել... ես նորից եմ կրկնում, մոդելը, որը որ ընտրվել էր, դա պետություն-մասնավոր համագործակցությունն է, եթե պետությունը ձեր ասած, իր հնարավորությունները չարաշահում է և, այսպես ասած, չակերտավոր խլում է ինչ-որ մի բան, դա վատ ազդակ է և՛ հանրության, և՛ բիզնես միջավայրի, և՛ արտաքին ներդրողների համար։

«Ազատություն». - Իրենց դեպքում, եթե ներդրումներ կան, ինչ-որ ծախսեր կան, բոլորը փոխհատուցվում են և պետությունը վերցնում է, սա արդեն խլել չի դիտվում։

Արամյան. - Իհարկե ոչ։ Հենց դա էր և՛ նախագահի հորդորը, և՛ վարչապետի ցուցումը, որ պետք է հաշվի առնենք։

«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով պետական բյուջեի բավական վատ վիճակը։ Ի վերջո, Դուք էլ չէիք թաքցրել, որ, եթե ծախսերը չկրճատվեն և եկամուտները չավելացվեն, ապա, իհարկե, պետությունը կարող է կանգնի սնանկացման վտանգի առջև։

Արամյան. - Ես երբեք չեմ ասել, որ սնանկացման վտանգի առջև կանգնելու խնդիր ունենք մենք այսօր, ես ասել եմ, որ պետք է առաջիկա տարիներին մենք կարգավորենք մեր բյուջետային հոսքերը, որպեսզի նմանատիպ ռիսկ ապագայում՝ կլինի երեք կամ հինգ տարիներին, կամ տասը տարիներին, մենք երբեք չբախվենք։

«Ազատություն». - Սա դրա շրջանակներո՞ւմ է։

Արամյան. - Կարծում եմ, որ մենք մի քանի անգամ շեշտել ենք՝ որտեղ որ մենք ունենք հնարավորություն, որ ավելի խնայողաբար ծախսել, որտեղ որ մենք ունենք հնարավորություն, մեր սեփական ուժերով նույն իրավիճակը ունենալ, մենք պետք է գնանք դրան։

«Ազատություն». - Ընդդիմադիրները հաճախ են խոսում, որ երկիրը նաև դեֆոլտի վտանգի առջև է կանգնած, Դուք նման ռիսկեր այսօր տեսնո՞ւմ եք։

Արամյան. - Ես նման ռիսկեր չեմ տեսնում։ Ես շատ խորին հարգանք եմ տածում բոլորի նկատմամաբ, ես այս պահին չեմ կարծում, որ մենք դեֆոլտի առաջ ենք կանգնած։

«Ազատություն». - Անհանգստացնող չէ 6 միլիարդ պարտքի առկայությունը։

Արամյան. - Եթե անհանգստացնող չլիներ, մենք մյուս տարի ավելի կոնսոլիդացված բյուջե չէինք ներկայացնի՝ 2.8 տոկոս դեֆիցիտ ՀՆԱ ցուցանիշով բյուջե չէինք ներկայացնի։

Հարցին, թե ինչո՞ւ պետությունը նույն օրինակով «Գազպրոմ Արմենիա»-ի ձեռքից չի վերցնում այդ ընկերության ծառայությունները՝ փորձելով խնայել հսկայական գումարներ, Ֆինանսների նախարարը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ «Սեքյուրիթի դրիմ»-ի կատարած աշխատանքը և ծառայությունների շրջագիծը անգամներով շատ ավելի փոքր է և դա մենք իրականում կարող ենք անել, քան մնացած այլ... այդ դեպքում նույն «Գազպրոմ»-ին մենք պետք է առաջարկենք, որ իր ներդրումները, որը կատարված է, որը միլիոնավոր դոլարներ են, մենք պետք է փոխհատուցենք և դա վերցնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG