Մատչելիության հղումներ

Շարմազանով. «Այլևս գնում ենք ոչ թե ուժեղ անհատների, այլ ուժեղ կուսակցությունների ճանապարհով»


Տվյալ պահին վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամակցելու դիմում չի գրել: Այդ մասին հինգշաբթի երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Այս պահին հարգելի պարոն վարչապետը կուսակցության անդամակցման դիմում չի գրել, այս պահին, որ ես ձեզ հետ խոսում եմ, բայց ես մի անգամ ասել եմ՝ երբ պարոն վարչապետը եթե նույնիսկ գրի, մի զարմացեք, եթե չգրի, էլի մի զարմացեք։ Պարոն վարչապետը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչ է, այդ թիմի ղեկավարը պարոն նախագահն է, բայց մինչև համագումար եթե նոր զարգացումներ լինեն, ես ձեզ կհաղորդեմ։ Այժմ բավարարվեք այսքանով, բայց չզարմանաք, որ մտնի, կամ չզարմանաք, որ մնա անկուսակցական», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Անդրադառնալով կուսակցության հետագա ծրագրերին՝ Շարմազանովը շեշտեց, որ ՀՀԿ-ն երբեք այս կամ այն, թեկուզ՝ հարգարժան և մեծահարգ անձի «հագով» ծրագիր և կանոնադրություն չի գրում։

«Ավելին՝ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում փաստ է, որ կուսակցությունների դերը շեշտակի ավելանալու է, և, բնականաբար, մեր ծրագրային փոփոխությունները որոշ առումով, այո, նաև կապված են լինելու այն նոր մարտահրավերների, այն նոր դերակատարման հետ, որը կունենան հայաստանյան քաղաքական կուսակցությունները», - ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շարունակելով. - «Այլևս մենք գնում ենք ոչ թե ուժեղ անհատների, այլ ուժեղ կուսակցությունների ճանապարհով, և, բնականաբար, նաև Հայաստանի ամենաառանցքային քաղաքական ուժը կարիք ունի բարեփոխվելու, կարիք ունի վերանայելու ծրագիրը, և մենք ոչ թե արմատական ենք փոփոխության ենթարկում մեր ծրագիրը, մենք, որպես պահպանողական ուժ, որը ոչ թե հնի, այլ հավիտենականի կողմնակից է, հավիտենականի և մնայունի հիմքի վրա ավելացնում ենք այն նոր շտրիխները, որոնք կօգնեն մեզ ավելի արդյունավետ աշխատել»։

ՀՀԿ-ն մնալու է ազգային պահպանողական կուսակցություն, ասաց Հանրապետականի խոսնակը, ընդգծելով, որ կուսակցության ծրագրում, գաղափարախոսության մեջ իր ուրույն տեղն է ունենալու Գարեգին Նժդեհի ուսմունքը։ «Պարզապես այնտեղ և մարդու իրավունքների հետ կապված նոր դրույթներ կավելանան, ազգային գաղափարախոսության հետ կապված նոր դրույթներ կավելանան, քրիստոնեադեմոկրատական արժեքների հետ կապված նոր դրույթներ կավելանան, սա դեռևս քննարկվում է։ Պարոն նախագահն ասել է, որ ամեն ինչ կերևա 2017 թվականի ընտրություններից հետո, կամ ինքը այդ հարցին նույնիսկ չի էլ անդրադարձել, կոռեկտ չի, որ ես դրա մասին խոսեմ, ես պարոն նախագահի հայտարարությանն ավելացնելու բան չունեմ, իսկ երկրորդը՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ինչը ինձնից ավելի խելոք մարդիկ են ասել, կոնկրետ՝ Օտտո ֆոն Բիսմարկը, և կապրենք՝ կտեսնենք», - ասաց Շարմազանովը։

Դիտարկմանը, թե փաստորեն 2017-ի ընտրություններից հետո փոփոխություններ կլինեն, Հանրապետականի խոսնակն արձագանքեց. - «Չերչիլն ասում էր՝ այս աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է գնալ փոփոխությունների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG