«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր վաղ առավոտից փակել էին գործարանի հարակից փողոցն ու պահանջում էին իրենց չորս ամսվա աշխատավարձը։
Անցած շաբաթ նրանք նույն պահանջով էներգետիկայի ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության շենքի մոտ էին։ Մեկուկես ժամ տևած բողոքից հետո նախարարության աշխատակազմի ղեկավարն ու նախարար Աշոտ Մանուկյանի օգնականն ի վերջո հանդիպել էին նաիրիտցիների խմբին։ Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանի խոսքով, իրենց ասել էին, որ աշխատավարձը վճարելու համար կառավարությունը գումար է փորձում գտնել։
Նշենք, որ հարկադիր պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանում այժմ ընդամենը 260 աշխատող է մնացել, որոնք հիմնականում զբաղվում են գործարանի անվտանգության ապահովմամբ։
Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի պետն այսօր նաիրիտցիներին հորդորեց գոնե կես ժամով բացել ճանապարհը՝ խոստանալով կես ժամվա ընթացքում ինչ-որ պատասխան ստանալ նրանց համար։ Նաիրիտցիները բացեցին ճանապարհը՝ խոստանալով որևէ պատասխան չստանալու դեպքում կրկին փակել այն։
Մանրամասներն՝ ավելի ուշ