Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ. Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի այցը Մոսկվա ընթացել է կառուցողական մթնոլորտում


Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքար (աջից) և MIT տնօրեն Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքար (աջից) և MIT տնօրեն Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների պաշտոնական դիմավորման արարողությունը երեկ կազմակերպվել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող վարչական համալիրում` արարողակարգային բոլոր պահանջների խստիվ պահպանմամբ:

Թուրքական թերթերն այսօրվա իրենց հրապարակումներում ընդգծում են հատկապես Մոսկվա ժամանած պատվիրակության պատկառելի կազմը: Մոսկովյան ուղևորության ընթացքում գլխավոր շտաբի պետին ուղեկցում էր Թուրքիայի մեկ այլ ազդեցիկ ուժային կառույցի` Ազգային հետախուզական ծառայության (MIT) տնօրեն Հաքան Ֆիդանը: MIT տնօրենը, ի դեպ, համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ամենահավատարիմ աջակիցներից մեկը:

Ուշագրավ է, որ պաշտոնական Անկարան նախապես որևէ տեղեկություն չէր տարածել երկրի ազդեցիկ հատուկ ծառայության ղեկավարի մոսկովյան այցի մասին: Թուրքական լրատվամիջոցները, օրինակ, այդ մասին տեղեկացան միայն երեքշաբթի երեկոյան` Աքարի մոսկովյան այցի պաշտոնական լուսանկարների տարածումից հետո:

Փոխարենը, թուրքական բանակի հրամանատարի այցը Մոսկվա մեծ անակնկալ չդարձավ: Այն մասին, որ Աքարը պետք է մեկնի Մոսկվա, սկսել էին խոսել դեռ շաբաթներ առաջ, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի` սեպտեմբերին Անկարա կատարած մեկօրյա այցից հետո:

Հիշեցնենք, որ մեկուկես ամիս առաջ Հուլուսի Աքարն ու նրա ռուսաստանցի պաշտոնակիցը խնդիրների բավական լայն շրջանակի էին անդրադարձել, այդ թվում՝ Կովկասում ստեղծված կացությանը: Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը, ի դեպ, հայտարարել էր, որ թուրքական բանակի գործողությունները Սիրիայում «անօրինական են»:

Երեկ արդեն Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավարները մի քանի ժամ շարունակ փակ դռների ետևում քննարկում էին հենց Սիրիայում և Իրաքում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքը, և դատելով պաշտոնական հաղորդագրություններից` այս զրույցն ավելի դրական մթնոլորտում է ծավալվել:

Բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց` ուշ երեկոյան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հաղորդելով, որ «բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում, և կողմերի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել առ այն, որ երկու պետությունների միջև շփումները գլխավոր շտաբերի մակարդակում պետք է շարունակվեն»: «Այդ շփումները պետք է ծավալվեն նաև փորձագիտական մակարդակում», - նշված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր շտաբերի պետերը քննարկել են կոալիցիոն ուժերի գործողությունները Մոսուլի շրջանում, ինչպես նաև Հալեպի շուրջ իրադրության կայունացման հարցը: Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի սահմանին ստեղծված իրադրության շուրջ անկեղծ զրույց է ծավալվել», - տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը՝ հավելելով․ - «Զրույցի ընթացքում Վալերի Գերասիմովը թուրքական կողմին տեղեկացրել է Հալեպում մարդասիրական իրադրության բարելավմանն ուղղված՝ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի մասին»: Ռուսական կողմը պնդում է, թե Սիրիայի հյուսիսում ծավալված իրադարձությունների ֆոնին Անկարան և Մոսկվան կարողացել են նաև որոշակի նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել:

«Կողմերը միակարծիք են, որ չափավոր ընդիմության և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման ուժերի տարանջատումը պետք է առաջնահերթություն լինի», - նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարների բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց պաշտոնական Մոսկվան Հալեպում ստեղծված կացության հանգուցալուծմանն ուղղված նոր ծրագրով հանդես եկավ: Դրա հաջող իրականացման գործում, ըստ ամենայնի, որոշակի դերակատարություն է վերապահված նաև Թուրքիային:

Նախաձեռնության մասին մի քանի ժամ առաջ Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Որոշում է կայացվել նոյեմբերի 4-ին առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 7-ը Հալեպում մարդասիրական դադար հայտարարել: Ռուսաստանի կողմից նախապես գծված մարդասիրական միջանցքները ծառայեցվելու են քաղաքացիական բնակչության և զինյալների` քաղաքից դուրս բերելու գործին: Ուղղակիորեն դիմում ենք զինված բոլոր խմբավորումների ղեկավարներին` դադարեցրե՛ք ռազմական գործողությունները և լքե՛ք Հալեպը ձեր սպառազինությամբ հանդերձ: Այդ նպատակով երկու միջանցք է բացվելու, որոնցից կհեռացվեն կառավարական բոլոր ստորաբաժանումները: Միջանցքներից մեկը բացվելու է դեպի թուրք - սիրիական սահման, մյուսը` դեպի Իդլիբ», - հայտարարում էր ՌԴ ԶՈւ ԳՇ պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG