Հին սկանդալի նոր նրբերանգները
Նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողները կքվեարկեն, և ժամեր անց հայտնի կլինի, թե ով է ընտրվել գերտերության 45-րդ նախագահը:
Հիլարի Քլինթոն - Դոնալդ Թրամփ մենամարտն ամերիկացիների, ինչու չէ, գուցեև մնացած աշխարհի կողմից ընկալվում է որպես ԱՄՆ-ի ամենաանկանխատեսելի և բախտորոշ ընտրությունը:
Ամեն օր պայթում են նոր սկանդալներ, մե՛րթ դեմոկրատներն են Թրամփին մեղադրում ռուսների աջակցությունը վայելելու մեջ, մե՛րթ հանրապետականներն են Քլինթոնին մեղադրում էլեկտրոնային նամակագրությունը ոչ-պատշաճ ու երկրի համար վտանգավոր եղանակով օգտագործելու մեջ:
Արդյո՞ք ՀԴԳ տնօրենը խախտել է օրենքը
Հետաքննությունների դաշնային գործակալության (ՀԴԳ) տնօրեն Ջեյմս Քոմին օրենսդիրներին տեղեկացրել է, որ կան պետական քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու շրջանում Քլինթոնի անձնական էլեկտրոնային նամակագրությանն առնչվող նոր փաստեր:
Սենատում դեմոկրատների առաջնորդ Հարրի Ռիդը հայտարարել է, թե ՀԴԳ-ի տնօրենը գուցեև խախտել է օրենքը, որի համաձայն, պետական պաշտոնյան չունի ընտրությունների արդյունքի վրա հնարավոր ազդեցություն գործող տեղեկությունների հրապարակման իրավունք:
Ժամանակին Քլինթոնն ընդունել է, որ անզգույշ է գործել
Սա նոր սկանդալ չէ․ Քլինթոնի կողմից պետական դեպարտամենտը ղեկավարելու օրոք անձնական էլեկտրոնային հասցեն օգտագործելու աղմուկը վաղուց է ծագել, ամռանը խնդիրը փակել են, և դեմոկրատ թեկնածուին որևէ մեղադրանք չի ներկայացվել:
Թեպետ իրավապահները նշել են, որ Քլինթոնը և ընդհանրապես ցանկացած պաշտոնյա պարտավոր է առավել զգույշ ու խոհեմ գործել և նամակարգությունը վարել միայն պետական պաշտպանված սերվերների միջոցով, ինքը Քլինթոնն ընդունել է, որ անզգույշ է գործել:
Ընտրողն ունի համապարփակ ինֆորմացիա ստանալու իրավունք
Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել Հետաքննությունների դաշնային գործակալության տնօրենի գործողությունների կապակցությամբ:
«Բավական տարօրինակ է, երբ հենց ընտրություններից առաջ շրջանառության մեջ է դրվում չնչին բովանդակությամբ այսօրինակ տեղեկատվություն», - Ֆլորիդայում ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասել է դեմոկրատ թեկնածուն: Նա պահանջել է Ջեյմս Քոմիից հրապարակել բոլոր հայտնի տեղեկությունները:
«Իրականում սա ոչ միայն տարօրինակ է: Սա աննախադեպ է և մտահոգիչ, ընտրողներն ունեն ամբողջական և համապարփակ փաստեր ստանալու իրավունք, այնպես որ մենք Քոմիին կոչ ենք անում ամեն ինչ բացատրել, ամեն ինչ դնել սեղանի վրա», - ասել է Քլինթոնը:
Սա «Ութերգեյթից» ավելի աղաղակող սկանդալ է»
Մինչդեռ Թրամփը, ով վերջին հարցախույզի արդյունքների համաձայն փոք-ինչ զիջում է Քլինթոնին, անմիջապես շտապել է լիովին օգտագործել այդ նոր սկանդալը՝ պնդելով, թե մրցակիցն անձնական սերվերների միջոցով փորձել է հանրությունից թաքցնել հանցավոր արարքները:
Ակնարկելով Ամերիկայի ամենասկանդալային պատմություններից մեկը՝ «Ուոթերգեյթը», որը 1974 թվականին հանգեցրել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին, Թրամփն ասել է, թե Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության սկանդալն ավելի աղաղակող է, քան «Ութերգեյթը»: