Մատչելիության հղումներ

Զուրաբյան. Սերժ Սարգսյանը զգացնել է տալիս, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ իշխանությանը


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը զգացնել է տալիս իր թիմին, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ իշխանությանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, Հայաստանի վերաբերյալ Al Jazeera հեռուստաընկերության ֆիլմում ասում է, որ դեռ վաղ է խոսել վարչապետի պաշտոնում իր առաջադրման մասին, հավելելով՝ նման տարբերակ դիտարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հանրապետական կուսակցությունն առաջիկա ընտրություններում «շատ լավ քվե ստանա»: Սերժ Սարգսյանը, փաստորեն, չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

«Կարելի էր շնորհակալություն հայտնել ընդդիմության անունից Սերժ Սարգսյանին այս նվերի համար, որովհետև ինքը, փաստորեն, զգացնել է տալիս երևի իր թիմին, որ այնուամենայնիվ ինքը չի պատրաստվում հրաժեշտ տալ իշխանությանը, և [վարչապետ] Կարեն Կարապետյանն ընդամենը ժամանակավոր մի երևույթ է, որի նպատակն է՝ մեղմացնել սոցիալական դժգոհությունը Հայաստանում ընտրություններից առաջ, ապահովել Հանրապետական կուսակցության հաղթանակն ընտրություններում, որից հետո Սերժ Սարգսյանն արդեն կմտածի վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին 2018 թվականից սկսած», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով, սա ուղիղ այն է, ինչի մասին Կոնգրեսը միշտ խոսել է։ «Հիշում եք՝ սահմանադրական հանրաքվեից առաջ, երբ որ Կոնգրեսը միայնակ պայքարում էր «ոչ»-ի համար, Սերժ Սարգսյանը, հեշտացնելու համար «այո»-ի հաղթանակը, արեց մի հայտարարություն, որով ասաց, որ չի պատրաստվում «այո»-ի հաղթանակի դեպքում սահմանադրական փոփոխությունների դեպքում ոչ մի պաշտոն զբաղեցնել՝ ո՛չ վարչապետի, ո՛չ էլ նախագահի։ Երբ որ մենք ասացինք՝ «ուրեմն՝ միգուցե Ազգային ժողովի նախագահի՞», դա էլ հերքվեց իր նախարարների կողմից, բայց նույն սահմանադրական հանրաքվեից առաջ ինքն այնուամենայնիվ մի քիչ փոխեց իր հռետորաբանությունը և թույլ տվեց այդ հնարավորությունը, որ կարող է վերանայել իր տեսակետը և, փաստորեն, մեզ նվեր մատուցեց դրանով, որովհետև ժողովուրդը շատ լավ հասկացավ, որ իրականում խոսքը ոչ թե Սահմանադրության փոփոխության մասին է, մի տեքստը մյուսով փոխարինելու, այլ՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու մասին է», - ասաց Զուրաբյանը՝ շարունակելով. - «Հիմա ինքը մատուցում է մեզ նույն նվերը, որը մեզ իսկապես թույլ է տալու ավելի պարզ լեզվով բացատրել ժողովրդին, որ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններում Հանրապետականի հաղթանակը նշանակելու է ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանության ռեժիմի շարունակություն»:

«Այս ամբողջ բլեֆը, որը կապված էր Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալու հետ, սրանով բացահայտվում է», - պնդեց ընդդիմադիր գործիչը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 30-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG